Սեւանի խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնելիս պետք է հիմնվել փորձագետների եզրակացությունների, այլ ոչ թե ասեկոսեների վրա: Այս մասին հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

Նրա խոսքով, Հայաստանի ջրային ռեուրսների անարդյունավետ օգտագործման գլխավոր խնդիրներից մեկը ջրամբարների անբավարար տեխնիկական վիճակն է, ինչի արդյունքում ստիպված են լինում ավելացնել Սեւանից բաց թողնվող ջրի ծավալը:

«Սա, իր հերթին, ազդում է լճում ձկների քանակի վրա: Ուստի կարեւոր է ջրի հավասարակշռված ծավալի ապահովումը», - բացատրեց փորձագետը:

Բարդուխ Գաբրիելյանը հավելեց, որ Սեւանում ձկների պոպուլյացիաների բնական աճի տեսանկյունից եւս մեկ կարեւոր խնդիր է գետերի վիճակը, որը չի համապատասխանում բնապահպանական չափանիշներին:

Խոսելով Սեւանի «ծաղկման» մասին, փորձագետը նկատեց, որ դա լճի համար սովորական երեւույթ է եւ դրա աստիճանը կախված է եղանակայաին պայմաններից, ջրի ծավալից, որն այս տարի մի քանի սմ-ով ցածր էր եւ դրանում առկա ֆոսֆորի քանակից: