Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի մասնակցի քվեարկությանը: Հոկտեմբերի 24-ին՝  Ազգային ժողովի հատուկ նիստում, վարչապետի թեկնածուի վերաբերյալ քվեարկությունից առաջ այս մասին ասաց  ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը, քանի որ նման պայմաններում ցանկացած քվեարկություն սխալ որոշում կլինի:

 «Հատկապես, որ այս դեպքում մենք 100 տոկոսանոց արդյունք կապահովվենք, եւ ՀՅԴ-ի կողմից մասնակի սաբոտաժի թեման զարգացնելու առիթ չենք տա», - բացատրեց Ռուստամյանը:

Միեւնույն ժամանակ «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նշեց, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ կմնա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ԱԺ  նիստում  միակ թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, վարչապետ չընտրվեց:

Փաշինյանի օգտին ոչ մի պատգամավոր կողմ չքվեարկեց, դեմ էր 1, ձեռնպահ՝ 11 պատգամավոր: Ընտրվելու համար անհրաժեշտ էր 53 ձայն:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին: Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն, վարչապետի հրաժարականից հետո 7 օրվա ընթացքում ԱԺ խմբակցությունները կարող են առաջադրել վարչապետի թեկնածու, իսկ 8-րդ օրը պետք է տեղի ունեն վարչապետի ընտրություն ԱԺ հատուկ նիստում: Վերջին քվեարկութունը տեղի կունենա մեկ շաբաթ հետո: