Միկրոէլեկտրոնիկայի հերթական՝ 13-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայացել է Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում: Մրցույթին մասնակցող երկրների աշխարհագրությունն այդ փուլում եւս եղել է ներկայանալի. 38 մասնակից՝ 18 երկրից՝ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելառուսից, Բրազիլիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Թաիլանդից, Իրանից, Հայաստանից, Հորդանանից, Սաուդյան Արաբիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից, Վրաստանից, Ուկրաինայից եւ Ուրուգվայից:
Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում՝ հանդիսավոր երեկոյի ընթացում։
Առաջին մրցանակակիր է դարձել Միլոշ Սրպսկոն՝ Սերբիայից։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Յե Դինգը՝ Գերմանիայից։
Երրորդ մրցանակին արժանացել է Ֆաբիան Տորրեսը՝ Ուրուգվայից։
2006 թ.-ին Հայաստանի վարչապետի բարձր հովանու ներքո մեկնարկած օլիմպիադան բացահայտում եւ ոգեւորում է մինչեւ 30 տարեկան տաղանդավոր ճարտարագետներին, կարեւոր դեր է խաղում միկրոէլեկտրոնիկայի կրթության հարցում, խթանում է ոլորտի զարգացմանը՝ Հայաստանում եւ մասնակից երկրներում: Այն երիտասարդ մասնագետների շրջանում մեծացնում է հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ՝ ստեղծելով ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք, ինչպես նաեւ օգնում բացահայտել երիտասարդ մասնագետների՝ ոլորտին առնչվող գիտելիքների մակարդակը՝ տարածաշրջանային կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով:
Օլիմպիադայի առաջին փուլին մասնակցել է 342 երիտասարդ, 22 երկրից՝ ԱՄԷ, ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Բրազիլիա, Գերմանիա, Եգիպտոս, Էկվադոր, Թաիլանդ, Իրան, Կոլումբիա, Կոստա-Ռիկա, Հայաստան, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Ռուսաստան, Սերբիա, Վիետնամ, Վրաստան, Ուկրաինա, Ուրուգվայ եւ Ֆիլիպիններ: Առաջին փուլի 342 մասնակիցներից 88-ը ներկայացրել են մեր երկիրը:
«Ապագան գիտությունը գնահատող սերնդինն է: Այդ ճանապարհն ընտրած երիտասարդությունն իր հաջողությամբ նպաստում է նաեւ երկրի տնտեսության զարգացմանը: Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած երիտասարդների համար ստեղծվել է գաղափարների մրցակցության յուրօրինակ հարթակ: Ուզում եմ անել կարեւոր եւս մեկ դիտարկում. այսպիսի հանդիպումները զուտ մրցույթ չեն: Վստահ եմ, որ միմյանց հետ հաղորդակցվող բանիմաց ու խելացի երիտասարդներից շատերը ապագայում նաեւ գործակցության կամուրջ են ստեղծելու երկրների միջեւ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է այն գործակցության համար, որի հիմքում ստեղծագործ մտքի առողջ մրցակցությունն է»,- ասել է օլիմպիադայի գլխավոր գործընկեր կազմակերպության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այս տարի եւս օլիմպիադայի մրցութային ծրագրում ընդգրկվել են հետեւյալ թեմաները՝ թվային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում, անալոգային եւ խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում, կիսահաղորդչային սարքեր եւ տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական եւ ալգորիթմական ապահովում:
Արդեն յոթ տարի, օլիմպիադան կազմակերպվում է Էլեկտրոնային եւ էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհուրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:
«Սինոփսիս Արմենիան» օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է: Օլիմպիադայի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորներից են նաեւ ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ն։
Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի կայքը՝ www.microelectronicsolympiad.org




























