Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Քրեական գործերի քննության աջակցության վարչությունն այսօր մի խումբ քննիչների ներկայացրեց համակարգչային տարբեր կրիչների վրա պահվող տեղեկատվության առգրավման եւ հետազոտման համար անհրաժեշտ՝ բլոկիրատորներ կոչվող սարքավորումները:

Սարքավորումները ձեռք են բերվել պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին եւ դրանց կիրառումը հնարավորություն կտա «սառեցնել» եւ  պատճենավորել առգրավվող օբյեկտներում առկա տեղեկատվությունը, ինչպես նաեւ հնարավոր կլինի առգրավել միայն կոշտ սկավառակի վրա առկա տեղեկատվությունը, իսկ օբյեկտը հնարավոր կլինի ֆիզիկապես թողնել այն տնօրինող անձի մոտ:

Ձեռք բերված սարքավորումների կիրառմամբ  լուծվելու է տեղեկատվության ամփոփության հարցը, իսկ քննիչներին հնարավորություն է ընձեռելու խուսափել ձեռք բերված ապացույցների անթույլատրելիության  ճանաչման վտանգներից:

Կարելի է վստահ լինել, որ նշված սարքավորումների լայն կիրառումը քաղաքացիների ու կազմակերպությունների մոտ կառաջացնի միայն դրական արձագանք, քանզի նախկինում անձինք, որոնց համակարգչային համակարգերի տեղեկատվությունը հետազոտելու անհրաժեշտություն է առաջացել, զրկվել են դրանք օգտագործելու հնարավորությունից շուրջ 6-ից  12 ամիս ժամանակով, իսկ տվյալ սարքավորումների կիրառումը հնարավարություն կնձեռի առգրավված համակարգիչը վերադարձնել քաղաքացուն մի քանի օրվա ընթացքում:

Միաժամանակ բլոկիրատորների կիրառումը կապահովի նախաքննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու սահմանադրական պահանջը:

Նշված սարքավորումների ձեռք բերման գործընթացին կհաջորդի համակարգչային համակարգերում առկա տեղեկատվության զննելու ծրագրային ապահովումների ձեռք բերումը, որը նախատեսվում է մինչեւ սույն թվականի վերջ:  

ՀՀ քննչական կոմիտեն ոչ պետական միջոցների հաշվին ձեռք է բերել «EDEC» ընկերության կողմից մշակված եւ արտադրված «ISOTech faraday»  տեսակի տարբեր չափսերի պայուսակ-կոնտեյներներ, որոնք նախատեսված են քրեական գործով վարույթի ընթացքում ձեռք բերվող համակարգչային համակարգերն անլար կապի միջոցների ներգործությունից պաշտպանելու եւ տեղեկատվությունն անվտանգ միջավայրում վերարտադրելու համար:

Այսինքն, կոնտեյներները պատրաստված են արտաքին ազդեցության խոչընդոտող խլացուցիչ տեխնոլոգիաներից, ինչը հնարավորություն է տալիս կոնտեյներներում գտնվող համակարգչային համակարգերը պաշտպանել արտաքին ազդեցությունից, դրանք մեկուսացվում են եւ դառնում անհասանելի արտաքին աշխարհի համար:

Ձեռք բերված պայուսակ կոնտեյներներից մեկը միեւնույն ժամանակ հնարավորություն է տալիս համակարգչային համակարգի /բջջային հեռախոսների, պլանշետային եւ դյուրակիր համակարգիչների/ հիշողության կրիչի դեկոդավորված տվյալների տեղեկատվությունը տեղում մեկ այլ համակարգչային համակարգներ բեռնելու համար:

Այդ գործողության ժամանակ տեղեկատվության աղբյուր հանդիսացող համակարգչային համակարգը, գտնվելով կոնտեյների մեջ, պաշտպանված է ցանկացած հեռակա առցանց ազդեցությունից:

Նշված պայուսակ-կոնտեյներները կիրառելի են նաեւ հակահետախուզական միջոցառումների իրականացման անհրաժեշտության առաջացման դեպքերում: Դրանց կիրառումն արգելք կհանդիսանա` համակարգչային համակարգերի միջոցով կոնկրետ անձի գտնվելու վայրը պարզելու եւ բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ նրան հետեւելու եւ նույնականացնելու համար: