Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Տիգրան Դավթյանը վերադասավորումներ է իրականացրել նախարարության կառուցվածքում։
Այդ վերադասավորումներից ամենանշանակալին թերեւս այն է, որ վերացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների մասով տեղակալի պաշտոնը։
Ոլորտը, ինչպես եւ նախկինում, կոորդինացնելու է Վահե Դանիելյանը, սակայն նա այլեւս ոչ թե նախարարի տեղակալ է, այլ խորհրդական։
Նախարարության մամուլի քարտուղար Սյուզի Հայրապետյանը NEWS.am-ին ասաց, որ այդ վերադասավորումների արդյունքում ՏՏ ոլորտը չի տուժի եւ գերակա ուղղություններից դուրս չի մնա։
Նշենք, որ էկոնոմիկայի նախարարն այսուհետ կունանա 5 տեղակալ: Կարինե Մինասյանին վստահվել է ներդրումային քաղաքականությունը եւ գործարար միջավայրի բարելավումը։ Գարեգին Մելքոնյանը պատասխանատու կլինի արտաքին տնտեսական համագործակցության համար։ Առեւտուրը եւ զբոսաշրջությունը ինչպես եւ նախկինում կղեկավարի Արա Պետրոսյանը։ Գառնիկ Բադալյանի ենթակայության տակ կլինեն որակի ենթակառուցվածքները՝ ստանդարտներ, չափագիտություն եւ այլն։ Հինգերորդ տեղակալը կոորդինացնելու է արդյունաբերության քաղաքականությունը եւ փոքր ու միջին բիզնեսին աջակցությունը, սակայն այս պաշտոնը դեռեւս թափուր է։




























