«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունն այսօր` փետրվարի 14-ին պետք է դռնբաց լիներ, սակայն ՔԿՀ աշխատակիցները մուտքի մոտ խմբված մոտ երեք տասնյակ մարդկանց արգելել են մասնակցել դատական նիստին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Վերջինս հայտնեց, որ նախապես հայտարարվել էր դռնբաց դատական նիստի մասին: Լրագրողներին եւ Փաշինյանի փաստաբաններին թույլատրել էին ներս մտնել, սակայն քաղաքացիներին արգելում էին:

Բարսեղյանը նաեւ նշեց, որ Պետրոս Մակեյանի եւ «Արթիկ» ՔԿՀ պետի բանակցությունների արդյունքում թույլ են տվել մուտք գործել ՔԿՀ եւ ներկա գտնվել դատական նիստին:  

Նախորդ դատական նիստը` փետրվարի 1-ին չէր կայացել` առատ ձյան եւ ճանապարհների անանցանելիության պատճառով:

Ինչպես «Արթիկ» ՔԿՀ-ից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Եվա Դարբինյանը քիչ առաջ բավարարել է Նիկոլ Փաշինյանի եւ նրա փաստաբաններ Վահե Գրիգորյանի եւ Երվանդ Վարոսյանի միջնորդությունը: Փաշինյանը միջնորդել էր, որ ՔԿՀ-ն թույլատրի դատարանի դահլիճ բերել իր գրառումները:

Այժմ դատական նիստում ընդմիջում է, եւ ՔԿՀ աշխատակիցները խուց են ուղեկցել Փաշինյանին` իր գրառումները վերցնելու համար:

Շամշյանը նշեց, որ դատարանի դահլիճում նիստից առաջ ներկա են եղել քաղաքացիական հագուստով վեց մարդ, որոնցից մեկը ֆոտոլրագրողին հայտնել է, որ ՔԿՀ տարածք են  մուտք գործել առանց գրանցման, ինչը օրենքի կոպիտ խախտում է:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2010թ.  նոյեմբերի 19-ի վճիռը, որով դատարանը հրաժարվել էր անվավեր ճանաչել Փաշինյանի պատժաչափը 3 տարի, 10 ամիս, 29 օր սահմանելու մասին որոշումը: Փաշինյանը եւ նրա փաստաբանները համոզված են, որ պատժաչափը սխալ է հաշվարկված, եւ այդ սխալ հաշվարկի հետեւանքով Նիկոլ Փաշինյանը շուրջ 5 ամիս ավելի է մնալու բանտում:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի