Եգիպտոսի նոր զինվորական իշխանությունները կատարել են ցուցարարների հիմնական պահանջներից մեկը եւ հայտարարել են խորհրդարանի ցրման եւ սահմանադրության գործողության դադարեցման մասին:
Եգիպտական խորհրդարանի երկու պալատների ցրումը Կահիրեում եւ մյուս խոշոր քաղաքներում տեղի ունեցած ցույցերի հիմնական պահանջներից էին, ցուցարարները պնդում էին, որ նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքները կեղծվել են, որպեսզի ապահովեն Մուբարաքին հավատարիմ պատգամավորների մեծամասնությունը:
Զինվորականները նաեւ հայտարարել են, թե մտադիր չեն զավթել իշխանությունը, քանի որ դա չի բխում Եգիպտոսի ժողովրդի շահերից:
Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է Sky News հեռուստաընկերությունը, զինվորականները ցանկանում են արգելել գործադուլներն ու բողոքի գործողությունները: Ներկայումս նրանք ջանքեր են գործադրում` Կահիրեի Թահրիր հրապարակում մնացած մի քանի տասնյակ ցուցարարներին ցրելու ուղղությամբ: Ընդդիմությունը մտադիր է բողոքի նոր գործողություն իրականացնել 4 օրից:





























