Հայաստանում Օմանի դեսպան Մուհամադ բին Աուադ Ալ-Հոսանին (Mouhammad bin Awad al-Hosan, նստավայրը՝ Մոսկվա) այսօր՝ փետրվարի 14-ին իր հավատարմագրերի պատճեն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպան բին Աուադ Ալ-Հոսանին իր նշանակալի ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում: Նախարարը նաեւ նշել է, որ ինքը եղել է առաջին հայ բարձրաստիճան պաշտոնյան, ով այցելել է Օման որպես Հայաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ դեռեւս 1993-ին:

Անդրադառնալով արաբական պետությունների հետ Հայաստանի ավանդական ջերմ եւ բարեկամական հարաբերություններին, Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է դրանց առավել զարգացման եւ ընդլայնման կարեւորությունը: Այդ ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ միայն անցյալ տարի արաբական երկրներում Հայաստանը երկու դիվանագիտական ներկայացուցչություն է հիմնել:

Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային կազմակերպություններում երկու պետությունների համագործակցության հարցին, մտքեր փոխանակել մերձավորարեւելյան խնդիրների շուրջ:՜