Հայաստանը Համաշխարհային բանկի ամենամյա Doing Business զեկույցում 90 երկրների շարքում զբաղեցրել է 41-րդ տեղը՝իր դիրքերը 6 կետով բարելավելով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հոկտեմբերի 31-ին ասաց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսուտրոն։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Doing Business-2018 վարկանիշում Հայաստանը 47-րդ տեղն էր զբաղեցնում՝ 9 աստիճանով իջնելով իր մեկ տարի առաջվա՝ 2017-ի դիրքից։ Վարկանիշը ցույց է տալիս, թե որքանով է հեշտ տվյալ երկրում բիզնեսի հիմնադրումն ու վարումը։
Բոսուտրոն նշեց, որ բիզնեսի վարման հեշտության ցուցանիշով (երկրի կարգավորման արդյունավետությունը, որը գնահատվում է 100 բալանոց սանդղակով, որտեղ ամենավատ ցուցանիշը 0-ն է, ամենալավը՝ 100-ը) Հայաստանը 2,06 կետով բարելավել է իր դիրքերը՝ 73,31-ից բարձրանալով 75,37-րդ տեղը։ Ընդ որում, վարկանիշում բիզնեսի վարման հեշտության 10 ցուցանիշներից համարյա բոլորում Հայաստանը լավացրել է իր դիրքերը։ Ամենալավ ցուցանիշները գրանցվել են 5 ուղղություններով։
Հայաստանն ամենաբարձր ցուցանիշը գրանցել է «բիզնեսի մեկնարկ» ցուցիչով՝ զբաղեցնելով 8-րդ տեղն աշխարհում։ «Հայաստանը հեշտացրել է ընկերությունների գրանցման պրոցեդուրան՝ իրավաբանական անձանց, որպես ԱԱՀ վճարող, կամավոր գրանցվելու հնարավորություն տալով, ինչն էլ թույլ է տվել բիզնեսի ձեւակերպման ժամկետները կրճատել՝ 4,5-ից դարձնելով 3,5 օր»,- պարզաբանել է Բոսուտրոն։
Այլ բարեփոխումների թվում Բոսուտրոն առանձնացրել է բիզնեսի միացումը էլեկտրացանցերին, մասնավորապես ժամկետը կրճատվել է՝ 127-ից դառնալով 72 օր։ Այս ցուցանիշով երկիրն իր դիրքը լավացրել է 6,01 կետով՝ զբաղեցնելով 17-րդ տեղը։
Երրորդ կետը «մինորիտար ներդրողների պաշտպանությունն է», որտեղ Հայաստանն իր դիրքերը 5 կետով բարելավել է՝ զբաղեցնելով 51-րդ տեղը։ Մասնավորապես, երկիրը բարձրացրել է փոխկապակցված անձանց միջեւ գործարքների թափանցիկությունը, պարզաբանել է սեփականության ու վերահսկողության կառուցվածքը եւ կորպորատիվ թափանցիկության պահանջ է առաջ քաշել։
Չորորդ փոփոխությունն իրականացվել է «հարկերի վճարման» ոլորտում։ Այս ցուցանիշով երկիրը իր դիրքերը բարելավել է 1,97 կետով՝ զբաղեցնելով 82-րդ տեղը։ Մասնավորապես, էլեկտրոնային կառավարման համակարգի բարելավման շնորհիվ կրճատվել են եկամտահարկերի վճարման վարչական գործողությունները՝ բիզնեսն այժմ դրանց վրա 262 ժամ է ծախսում՝ մեկ տարի առաջվա 313-ի փոխարեն։
Հինգերորդը «պայմանագրերի կատարումն» է։ Այս ցուցանիշով Հայաստանն իր դիրքը բարելավել է 4,63 կետով՝ զբաղեցնելով 24-րդ տեղը։ Մասնավորապես, երկրում քիչ պահանջների եւ դատավարությունների համար որոշակի ժամկետների հաշվին պարզեցվել են պայմանագրերի կատարումները։
Մյուս ցուցանիշներով Հայաստանը բարելավել է դիրքերը, սակայն դեռեւս թերություններ ունի։ Մասնավորապես, շինարարության թույլտվության հարցում, որտեղ, չնայած ոչ մեծ առաջընթացին, երկիրը դեռեւս զբաղեցնում է 98-րդ տեղը։ Անշարժ գույքի գրանցման ցուցանիշով երկիրը զբաղեցնում է 14-րդ տեղը (բարելավվել է 0,03 կետով), իսկ սնանկության ճանաչման ցուցանիշով՝ 95-րդ տեղը (բարելավվել է 0,98 կետով)։
«Կառավարությունն այս ուղղությամբ արդեն աշխատանքներ է կատարում, մշակում է ինստիտուցիոնալ դաշտի բարելավման օրենքը։ Բացի այդ, աշխատանքներ են տարվում, որպեսզի բիզնեսը շարժական գույք գրավ դնելու հնարավորություն ունենա, իսկ քաղաքապետարանի հետ շինարարության թույլտվությունը պարզեցնելու շուրջ բանակցություններ են ընթանում»,- նշել է Բոսուտրոն։
Նախորդ զեկույցի հետ համեմատած՝ Հայաստանը երկու ցուցանիշով որեւէ փոփոխություն չի գրանցել՝ արտաքին առեւտուրը՝ 44-րդ տեղ, եւ վարկերի ստացումը՝ 46-րդ տեղ։
Իր հերթին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ չնայած գրանցված առաջընթացին՝ կառավարությունը կակտիվացնի ցուցանիշների բարելավմանն ուղղված ջանքերը։ «Մենք մտադիր ենք վարկանիշում միջինից բարձրացնել բոլոր այն ցուցանիշներն եւ ինդիկատորները, որոնք վերաբերում են հարցերի կարգավորմանը, իսկ երկարաժամկետ հեռանկարում մենք ծրագրում ենք այդ ցուցանիշներով ներառվել առնվազն լավագույն տասնյակում»,- նշեց նա։
Հայաստանը Doing Business-2019 վարկանիշում տեղակայվել է Սլովենիայի (40-րդ տեղ) եւ Սլովակիայի (42-րդ տեղ) միջեւ։ Բիզնեսի վարման հեշտության տեսակետից երկիրը գերազանցում է Թուրքիային (43-րդ տեղ), Մոլդովային (47), Ղրղզստանին (70), Ուկրաինային (71), Ուզբեկստանին (76), Տաջիկստանին (126), սակայն զիջում է Վրաստանին (6), Ադրբեջանին (25), Ղազախստանին (28), Ռուսաստանին (31), Բելառուսին (37)։ Վարկանշային ցուցակի առաջին եռյակի մեջ են Նոր Զելանդիան, Սինգապուրը եւ Դանիան։




























