Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խախտել է սաուդցի լրագրող եւ այլախոհ Ջամալ Խաշոգջիի սպանության հետ կապված լռությունը՝ հայտարարելով, որ Ստամբուլում սաուդյան հյուպատոսարանում տեղի ունեցածը սարսափելի միջադեպ էր, որը պետք է քննել, փոխանցում է Haaretz-ը:
«Այն, ինչ տեղի էր ունեցել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, սարսափելի է, եւ դա պետք է պատճաշ կերպով քննել,- ասել է Նեթանյահուն: - Միաժամանակ, տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար շատ կարեւոր է Սաուդյան Արաբիայում կայունության պահպանումը»: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ճանապարհներ գտնել երկու նպատակներին հասնելու համար: «Որովհետեւ Իրանի հետ խնդիրը մեծ հիմնահարց է, եւ անհրաժեշտ է հետեւել, որ Իրանը չշարունակի չարամիտ գործողությունները, որոնք վերջին մի քանի շաբաթներին կատարել է Եվրոպայում»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին Ստամբուլի դատախազը հայտարարել էր, որ Խաշոգջիին խեղդամահ են արել անմիջապես հյուպատոսություն մտնելուց հետո, եւ դա եղել է կանխամտածված սպանություն, նրա մարմինն անդամահատել են եւ ոչնչացրել։ Հայտարարության մեջ ասվում էր, որ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ Ալ Մոհեբի հետ բանակցությունները որեւէ «որոշակի արդյունք» չեն տվել՝ չնայած ճշմարտությունը բացահայտելու Թուրքիայի ջանքերին։
Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել, սակայն այժմ ընդունում է, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դա մանրամասն կազմակերպված սպանություն է եղել։ Նշենք, որ Խաշոգջիի մարմինը դեռեւս չի գտնվել։ Համենայնդեպս, պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն լրատվամիջոցները հայտնել են, որ նրա մարմինը գտել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսի նստավայրում:




























