«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ արդեն 2,5 ամիս իրեն ապօրինաբար զրկել են նամակներ ուղարկելու հնարավորությունից: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Իմ նկատմամբ կիրառված բանտային ապօրինությունների ցանկը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում շարունակում է համալրվել:

Շուրջ 2,5 ամիս զրկված եմ նամակներ ուղարկելու հնարավորությունից, իրավունք, որ երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, ՔԿՀ-ների ներքին կանոնակարգով: Ի հեճուկս ՀՀ օերնքների, «Արթիկ» ՔԿՀ վարչակազմը հրաժարվում է ընդունել կամ ուղարկել իմ նամակները, ինչն անելը նրա ուղղակի պարտավորությունն է: Նաեւ ինձ հնարավորություն չի տրվում որեւէ փաստաթուղթ փոխանցել իմ փաստաբաններին, նույնիսկ այնպիսիք, որ կազմված են Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի հղած հարցերին ի պատասխան: Արտաքին աշխարհի հետ իմ շփումների սահմանափակումները շարունակում են ահագնանալ` ի հեճուկս ՀՀ օրենսդրության պահանջների:

Այս ամենի մասին ահազանգել են զանգվածային լրատվության միջոցները, իրավապաշտպան կազմակերպություններ, իմ փաստաբանները, հարազատներս, ես` ինքս: Այդ ահազանգերի արդյունքում ապօրինությունները ոչ միայն չեն դադարել, այլեւ ավելի են ահագնացել: Սա անառարկելի ապացույցն է այն բանի, որ դրանք հրահանգավորված են Հայաստանի իշխանությունը բռնազավթած վերնախավի կողմից: Սերժանտական վարչախմբին հանգիստ չի տալիս այն միտքը, որ նույնիսկ արտառոց միջոցների գնով հնարավոր չի եղել կասեցնել իմ լրագրողական եւ քաղաքական գործունեությունը:

Աղաղակող ապօրինությունների միջոցով վարչախումբը հույս ունի ինձ ստիպել դադարեցնել լրագրողական եւ քաղաքական գործունեությունս, որպիսի պահանջը արդեն բացահայտ ներկայացվում է փորձ անելով ինձ պարտադրել ազատություն մուրացողի կարգավիճակ:

Սույն հայտարարությամբ հարկ եմ համարում եւս մեկ անգամ փաստել ի լուր հանրության.

- ինձ պայմաններ պարտադրելու սերժանտական  իշխանության փորձերը դատապարտված են ձախողման: Իմ կյանքը դրված է հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի զոհասեղանին: Հանուն Ճշմարտության, Ազատության, Օրինականության, Մարդու իրավունքների, Խոսքի ազատության պայքարելու եմ մինչեւ վերջ` անկախ նրանից ազատության մեջ կլինեմ, թե բանտում:

Այս պայքարին իմ նվիրվածությունը հնարավոր չէ սասանել` որեւէ սպառնալիքի կամ ապօրինության ներքո: Ինձ հնարավոր չէ լռեցնել, ինձ հնարավոր չէ կասեցնել…

Մեր պայքարը անկասելի է, մեր Հաղթանակը անխուսափելի է:

Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում հանուն սեփական իրավունքների, արժանապատվության եւ բարեկեցության պայքարել անզիջում, պայքարել մինչեւ վերջ:

Եվ ուրեմն` Կեցցե Ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը
Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում»:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի