«Փրկենք» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ 5-ամյա Էրիկ Սարգսյանի մոտ քաղցկեղը կրկնվում է եւ նա կրկին օգնության կարիք ունի:

Նախաձեռնության տարածած հողորդագրության մեջ նշվում է.

«2010 թվականի հունիսին, երբ դեռ Էրիկ Սարգսյանը, 4 տարեկան էր, օգնության կարիք ունեցավ:

Քաղցկեղը, որի դեմ, թվում էր, այլեւս անհնար է պայքարել, չընկճեց բազմաթիվ քաղաքացիների, ինչպես նաեւ սփյուրքահայերի եւ արցախցիների, միավորվել եւ պայքարել փոքրիկի կյանքի համար: Փրկենք նախաձեռնությունը  եւ հենց ԴՈՒՔ կարողացաք միավորել ձեր բոլոր ուժերը եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել փոքրիկի ընտանիքին:

Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում բազմաթիվ ակցիաների, բարեգործական համերգի, ներկայացումների եւ ձեր ներդրումների շնորհիվ Էրիկին տեղափոխեցին Ռուսաստանի Դաշնություն:

Հավաքված  5 մլն դրամի միջոցով Էրիկը  Մոսկվայում անցավ 2 նախապատրաստական եւ 4 հիմնական քիմիաթերապիա։

Առաջին 5 քիմիաթերապիաների արդյունքները դրական էին. Ռուսաստանի բժիշկները հավատացնում էին, որ այդ տվյալներով Էրիկը մի քանի ամսում վերջնական բուժում կստանա։ Սակայն 6-րդ քիմիաթերապիան անց կացնելուց առաջ բժիշկները հայտնաբերեցին, որ Էրիկի քաղցկեղը կրկնվել է։

Մոսկվայի ուռուցքաբանական հիվանդանոցի բժիշկները Էրիկի ծնողներին ուղղորդել են Իսրայելի «Բնեյ Ցիոն» հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ է կատարել ուռուցքի վերջնական հեռացում, ոսկրածուծի փոխպատվաստում եւ բուժում։

Այժմ ֆինանսական օգնությունն առավել մեծ չափերով եւ հրատապ է հարկավոր: Հինգամյա Էրիկն արդեն իսկ Իսրայելի «Բնեյ Ցիոն» հիվանդանոցում է:

Արձագանքեք: Էրիկի կյանքը կախված է յուրաքանչյուրիցս:

Էրիկին օգնելու համար կարող եք փոխանցումներ կատարել հետեւյալ բանկային հաշվեհամարին
22300 4039994
Բանկ - Արցախ Բանկ
Լուսինե Բեգլարյանի անունով (Էրիկի մայրն է)»: