Հայաստանի Սահմանադրական դատարանը այսօր` փետրվարի 15-ին կայացրած որոշմամբ սահմանադրական է ճանաչել Հայաստանում ռուսական ռազմակայանի ժամկետը մինչեւ 49 տարի երկարաձգելու համաձայնագիրը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՍԴ մամլո ծառայությունից: Ըստ դատարանի որոշման` տվյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
Նշենք, որ ՍԴ-ն համաձայնագրի սահմանադրականության հարցը քննարկվել է գրավոր ընթացակարգով, ըստ որի`գործը քննարկվում է պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկանքների հիման վրա:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2010թ. դեկտեմբերի 24-ին ՍԴ էր ուղարկել հայ-ռուսական պայմանագիրը, որը ստորագրվել էր 2010թ. օգոստոսին:
Օգոստոսին Հայաստան էր ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ով Սարգսյանի հետ ստորագրել էր Գյումրիում ռուսական ռազմակայանի ժամկետը մինչեւ 49 տարի երկարաձգելու պայմանագիրը: Պայմանագիրը ստորագրվել էր 1995թ. եւ նախատեսված էր 25 տարով, իսկ այժմ նրա գործողության ժամկետը երկարացվելու է մինչեւ 2046 թվականը:




























