Մահապարտ-ահաբեկիչ Մագոմեդ Եվլոեւը, ով իրականացրել էր «Դոմոդեդովո» օդանավակայանի ահաբեկչությունը, ծառայել է Ռուսաստանի ՆԳՆ ներքին զորքերում։ Այս մասին լրագրողներին ասել է ՆԳՆ ներքին զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Նիկոլայ Ռոգոժկինը։

Եվլոեւը ծառայել է ընդամենը երեք ամիս, ինչից հետո զորացրվել է առողջական վիճակի պատճառով։ Ինչպես նշել է Ռոգոժկինը, երիտասարդը մշտապես բողոքել է խոցից։ Ծառայակիցները չեն հավատացել նրան եւ համարել են, որ վերջինս «ձեւեր է թափում»։ Նրանից երես են շրջել անգամ նրա հայրենակիցները։

Նշենք, որ հունվարի 24-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել էր 36, վիրավորվել շուրջ 200 մարդ, այդ թվում՝ չորս հայ։

Այն մասին, որ ահաբեկչությունը կատարել է հենց Եվլոեւը, հայտնի էր դարձել ԴՆԹ անալիզ անցկացնելուց հետո։ Հետաքննության տվյալներով, ահաբեկչությունը կազմակերպելու հարցում Եվլոեւին օգնել են նրա կրտսեր եղբայրը եւ քույրը։ Ներկայումս նրանք ձերբակալված են։