Մատենադարանին հարող տարածքում մոտ կես ժամ առաջ մեկնարկել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի կողմից հրավիրված բացօթյա համաժողովը: Այն մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի հասցեին ուղղված մեղադրանքներով: Կարապետիչը մեջբերել է ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի հայտարարությունը, ըստ որի` Տիգրան Կարապետյանը պետք է «սուս ու փուս գա ու միանա ՀԱԿ-ին»:
«Իրենք ասում են, որ Կարապետյանը պիտի թողնի ժողովրդին, գնա, խելոք, սուս-փուս միանա ՀԱԿ-ին: Դուք ցանկանո՞ւմ եք, որ այդպես լինի»` համաժողովի մասնակիցներին հարց ուղղեց Կարապետյանը: Ի պատասխան հավաքվածները գոռացին` «ոչ»:
Նշենք, որ մինչ հավաքի մեկնարկը Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները ԺԿ համաժողովի մասնակիցներին ՀԱԿ-ի թերթոններն էին բաժանում, ինչը եւս քննադատության ենթարկվեց Ժողովրդական կուսակցության առաջնորդի կողմից: «Նրանք ուզում են ուրիշին քցելով` բարձրացնել իրենց վարկանիշը: Մենք պայքարում ենք իշխանության դեմ, մենք չենք պայքարում ուրիշ, չգիտեմ ինչ ուժերի դեմ», -ասաց Կարապետյանը:
Ուշագրավ է, որ համաժողովի մասնակիցների շարքերում լսվում են «Լե-վոն, Լե-վոն» բացականչություններ, իսկ առանձին խմբեր վիճաբանության մեջ են մտնում քաղաքական թեմաներով:
Այս պահին ընթերցվում է պահանջագիրը, որ քիչ հետո կներկայացվի նախագահական նստավայր: Պահանջներից են` ազատ արձակել քաղաքական այլախոհներին, բարձրացնել նվազագույն աշխատավարձը, բացառել Լեռնային Ղարաբաղի հանձնումը եւ այլն:
Նշենք, որ ոստիկանության տվյալներով` այսօրվա հավաքին ներկա է եղել շուրջ 400-500 մարդ: Մինչդեռ Կարապետյանի նախորդ` հունվարի 19-ին կայացած հանրահավաքին, ոստիկանների տվյալներով, ներկա էր մի քանի անգամ ավելի մարդ: Ուշագրավ է, որ երբ պարզ դարձավ, որ ԺԿ-ն չի միանալու ՀԱԿ-ին, հանրահավաքի մասնակիցների մեծ մասը լքեց համաժողովի վայրը:





























