Հայաստանի կառավարությունն իր գործողություններով նպաստում է սոցիալական դժգոհության ալիքի բարձրացմանը, իսկ այդ գործունեությունը «գնաճածին» է: Նման տեսակետ է հայտնել ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը, այսօր՝ փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Դեռեւս անցած տարի մենք կառավարության գործունեությանը գնահատելիս ասել էինք, որ կառավարության քայլերն, ըստ էության, ճգնաժամածին են, բայց հիմա կարող ենք ասել նաեւ, որ այդ քայլերը գնաճածին են, որովհետեւ կառավարության գործունեությունը ոչ միայն չի զսպում գնաճը, այլեւ էլ ավելի է վատթարացնում սոցիալական իրավիճակը եւ խրախուսում գնաճը»,- նշել է նա ու մանրամասնել, որ կառավարության այդ քայլերի շարքում են նրա կողմից ԱԺ ներկայացված օրնագծերը, որոնց շարքում են «Ժամանակավոր անաշխատունակության մասին», «Աշխատանքային օրենսգրքի մասին», «Մաքսային օրենսգրքի մասին» օրենքներում կատարված փոփոխությունները:
Արա Նռանյանը նկատել է նաեւ, որ շուտով Կառավարությունը խորհրդարան ի քննարկմանը կներկայացնի «Ավտոկայանատեղի հարկի մասին» օրինագիծը, որը նոր դժգոհությունների ալիք կբարձրացնի:
Նրա խոսքով, կառավարությունն իր քայլերով հասցրել է նրան, որ մարդիկ պատրաստ են դուրս գալ փողոց եւ պայքարել իրենց իրավունքների համար:
«Եթե քաղաքացիները հավատան, որ կարողանալու են փոխել իրավիճակը, դա կարող է հանգեցնել սոցիալական ցնցումների, որը որոշիչ դեր կունենա 2012-ի խորհրդարանական ընտրությունների վրա»,- ասել է դաշնակցական պատգամավորը:





























