Տարվա սկզբից «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը գրանցել է 1464 ճանապարհատրանսպորտային պատահար։ Պատահարների ամենամեծ քանակը գրանցվել է փետրվարի 1-ին (120) եւ փետրվարի 4-ին (74)։ Ընկերությունն արդեն փոխհատուցել է 350 դեպքի համար՝ մեկ պատահարի գծով հատուցման միջին չափը 162 հազ. դրամ է (մոտ 440 դոլար)։

«Ռոսգոսստրախ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանի խոսքով՝ արդեն տեղի ունեցած պատահարների համար ընկերությունը կվճարի մոտ 300 մլն դրամ (մոտ 820 հազ. դոլար) հատուցում։ Նա այդ ծավալները «մտահոգիչ» անվանեց, սակայն հույս հայտնեց, որ ձմռան ավարտից հետո ճանապարհային պատահարները կնվազեն։

Գ. Գրիգորյանը տեղեկացրեց նաեւ, որ արդեն նկատվում են կեղծարարության աճի միտումներ։ Մասնավորապես՝ ՃՏՊ-ից հետո առավել քիչ վնասված մեքենայի սեփականատերը ողջ մեղքն իր վրա է վերցնում, որպեսզի փոխհատուցումը մեծ լինի։ Սակայն ապահովագրական ընկերության տնօրենը զգուշացնում է, որ դրանով վարորդներն իրենք իրենց արջի ծառայություն են մատուցում, քանի որ հաջորդ տարիներին ԱՊՊԱ պայմանագրերը նրանց ավելի թանկ կվաճառվեն։