Ռոբերտ Քոչարյանն իրեն բնորոշ գործելակերպով, փորձելով մնալ ստվերում, ԲՀԿ-ի օգնությամբ փորձում է ապակայունացնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեիս ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

Նա նշեց, որ նախկին նախագահին հաջողվել է արդեն իսկ որոշակի անկայություն մտցնել իշխող կոալիցիայում եւ քաղաքական շրջանակներում:
Շահնազարյանի խոսքով` ՀՀԿ-ն նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ունենալով Արմուտքի աջակցությունը, փորձում է պահպանել իր դիրքերը, մինչդեռ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ի միջոցներով ընդամենը փորձում է ցույց տալ, որ ինքը վայելում է Կրեմլի աջակցությունը:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ բացառված է, որ Մոսկվան աջակցություն ցուցաբերի Ռոբերտ Քոչարյանին: Մոսկովյան եւ ոչ մի շրջանակ նրան չի աջակցի»,- հայտարարեց Շահնազարյանը` հավելելով, որ հայ հասարակության խորը ատելությամբ է  լցված նախկին նախագահի նկատմամբ: ՀԱԿ ներկայացուցիչը համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանի քայլերն ընդամենը ցուցադրական են, որոնց նպատակը հասարակության մեջ խաբկանք առաջացնելն է: «Այդ մարդու վերադարձը որեւէ դիրքով բացառվում է: Իսկ Հայ ազգային կոնգրեսի իշխանության գալուց հետո նրան սպառնում է ամբաստանյալի աթոռը»,-հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը: