Կառավարության ամենաթույլ եւ ոչ պրոֆեսիոնալ օղակը Արտաքին գործերի նախարարությունն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով ԼՂ բանակցային գործընթացի ներկա փուլին: Նրա խոսքով` Հայաստանն այսօր Ադրբեջանի դիվանագիտությանը համարժեք մոտեցում չի ցուցաբերում, ինչի վառ ապացույցն այն է, որ այսօր ԼՂ խնդրով հիմնական իրադարձություններն ընթանում են ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում, այլ դրա շուրջ` ԵԽԽՎ-ում, ի դեմս ԼՂ հարցով ենթահանձնաժողովի, եւ ՄԱԿ-ում:
Դ. Շահնազարյանի ներկայացմամբ, Հայաստանը պետք է օգտագործի այն հանգամանքը, որ Ադրբեջանը բազմաթիվ դիվանագիտական սխալներ է թույլ տվել: «Ադրբեջանն ապացուցել է, որ իր համար բանակցային գործընթացը ընդամենը տարածքների վերադարձ է, եւ բացահայտորեն խոսելով միայն ռազմական լուծման մասին` իրեն դրել է չափազանց լուրջ եւ ծանր վիճակի մեջ, բայց որից մեր դիվանագիտությունը բացառապես չի օգտվում»,-նշեց Շահնազարյանը: Նրա խոսքով` Հայաստանի դիվանագիտությունը միջազգային հանրության ուշադրությունը պետք է հրավիրի հետեւյալ իրողությունների վրա` պատերազմը սկսել է Ադրբեջանը, զինադադարը պարտադրվել է Ադրբեջանին: «Բացի այդ`Ադրբեջանը չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերը եւ գնում է բացարձակապես ռազմական լուծման:
Նա նաեւ անդրադարձավ ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսմանը, նշելով, որ դա հայկական դիվանագիտության անհաջողությունների հերթական դրսեւորումն է, քանի որ, չնայած ՀՀ պատվիրակության ջանքերին, ենթահանձնաժողովը վերակենդանացավ:
«Եթե սրան գումարենք տարածաշրջանում ստեղծվող նոր լարվածությունը,
Թուրքիայի նոր ակտիվությունները, ապա չափազանց մեծ է հավանականությունը, որ ներքին խնդիրները, սոցիալական, տնտեսական եւ արտաքին վտանգները կարող են միաժամանակ հանդես գալ եւ մեզ կանգնեցնել շատ ծանր իրավիճակի առաջ»,-հայտարարեց Շահնազարյանը` հավելելով, որ այսօր պատերազմի վերասկսման հավանականությունը շատ ավելի մեծ է, քան ԼՂ բանակցային գործընթացում որեւէ չնչին առաջընթացի հասնելը:





























