«Ժառանգություն» խմբակցությունն այսօր՝ փետրվարի 16-ին հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում է վերականգնել մաքսային օրենսգրքի դրույթները:

Հիշեցնենք, որ մաքսային օրենսդրության մեջ վերջերս կատարված փոփոխության համաձայն, վրացական համարանիշով մեքենաները Հայաստան կարող են մուտք գործել միայն մեկ անգամ՝ այն էլ 15 օր ժամկետով, դրանից հետո, պարտադիր պետք է մաքսազերծվեն: Սա լուրջ դժգոհություն է առաջացրել հասարակության լայն շրջանակների մոտ:

«Ժառանգությունն» առաջարկում է մաքսային օրենսգրքից հանել դրույթը, ըստ որի` Հայաստանում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաեւ` ՀՀ-ում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից ԱՏԳ ԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերին դասվող ապրանքների տեղափոխումը Հայաստանի մաքսային սահմանով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետով:  

«Վստահ ենք, որ վերոհիշյալ փոփոխությունը հաշվի է առնում տասնյակ հազարավոր հայաստանյան ընտանիքների շահերը, այդ թվում սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական հետեւանքները: Մինչդեռ  գործող օրենքը միտված է բացառապես ի հաշիվ աղքատության ավելացման պետական բյուջեյի եկամուտների ավելացման գերակայության ապահովմանը եւ պարունակում է արտագաղթի ավելացման ռիսկեր, ինչպես նաեւ` սահմանափակում է Հայաստանի տարածքում ջավախահայերի ազատ տեղաշարժի հնարավորությունները:

Նախագծով կապահովվի մաքսային քաղաքականության իրագործման արդյունավետ կիրառումը եւ ազգային տնտեսության զարգացմանն ուղղված տնտեսական քաղաքականության խնդիրների իրագործումը, ինչպես նաեւ` ազգաբանկչության սոցիալական աջակցությունը»,- ասված է «Ժառանգության» հայտարարության մեջ: