Ոստիկանության աշխատակիցները կրկին խափանել են վրացական համարանիշներով ավտոմեքենաների վարորդների կողմից կազմակերպված ցույցը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, այս պահին փակ է Ջաջուռի խաչմերուկը, եւ Վանաձորից եկող ավտոմեքենաներին թույլ չեն տալիս գնալ Գյումրի: Ավտոերթը խոչընդոտում են Շիրակի մարզային ոստիկանության վարչության պետի տեղակալ Թադեւոսյանը, Ախուրյանի ոստիկանապես Ենգոյանը եւ նրա տեղակալ Գալուստյանը:
Շուրջ երկու ժամ է, ինչ մեքենաները կանգնած են Ջաջուռի խաչմերուկում: «Ճանապարհային ոստիկանները կանգնած են, նրանք չեն խոչընդոտում, սակայն նշված ոստիկաններն ամեն ինչ անում են, որպեսզի վարորդները Ջաջուռը չհատեն: Թե այդ մարդկանց ուզածն ինչ է` չենք հասկանում»,-նշեց Բարսեղյանը: Նա նաեւ հավելեց, որ Ջաջուռում 20 ոստիկանական մեքենաներ են շրջում, եւ հետապնդում են վրացական համարանիշով մեքենաներին:





























