Գյումրիում քիչ առաջ մեկնարկել է «Անիլլաջ (անհավես) օր» բողոքի ակցիան, որին մասնակցում են վրացական համարանիշներով մի քանի տասնյակ ավտոմեքենաներ:
Ինչպես Գյումրիից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ոստիկաններն այդպես էլ հրաժարվել են բացել Ջաջուռի լեռնանցքը Վանաձորից Գյումրի ժամանող վարորդների առջեւ, ովքեր պետք է ժամանեին եւ մասնակցեին բողոքի գործողությանը: Վանաձորցի վարորդներից մի քանիսը մեքենաները կայանել են Շիրակի մարզի գյուղերում եւ ոտքով հասել են Գյումրի, որտեղ մասնակցում են ակցիային:
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հայտնեց, որ ինքն ու վրացական համարանիշներով մեքենաների վարորդների ներկայացուցիչն այսօր հանդիպել են մարզի փոխոստիկանապետի հետ, ով պնդել է, թե ոստիկանությունը ճանապարհներ չի փակում: Բարսեղյանը իր հերթին նշել է, որ իրենք բազմաթիվ տեսագրություններ ունեն եւ դրանք որպես հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու են դատախազությանը:
«Ասպարեզ» ակումբի նախագահը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պազաբանեց նաեւ «Անիլլաջ օր» ակցիայի էությունը: Ըստ վարորդների մտահղացման, իրենք ցածր` մինչեւ 5 կմ/ժամ արագությամբ պտտվելու են ոստիկանության մարզային եւ քաղաքային բաժինների եւ Գյումրիի քաղաքապետարանի շուրջ, եւ կարող են մի քանի ժամ պտտվել: Բարսեղյանն ասաց, որ ակցիայի մասնակիցների թիվը գնալով ավելանում է:
Հիշեցնենք` արդեն 12-րդ օրն է, որ վրացական պետհամարանիշով ավտոմեքենաների վարորդները Գյումրիում իրականացնում են բողոքի ավտոերթեր: Արդեն 2-րդ օրն է գյումրեցիներին են միանում Վանաձորի ավտովարորդները: Բողոքի գործողություններ են ընթանում նաեւ Նոյեմբերյանում: Պատճառը մաքսային այն փոփոխությունն է, որով սահմանվել է, թե վրացական համարանիշ ունեցող մեքենան տարվա մեջ մեկ անգամ ՝15-օրյա ժամկետով կարող է գտնվել Հայաստանում:





























