Դեկտեմբերի 1-ին լրանում է ֆիզիկական անձանց գույքահարկի վճարման ժամկետը, որը գանձում է համայքը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը՝ հիշեցնելով, որ ժամանակին վճարելով գույքահարկն ու հողի հարկը, քաղաքացիները լխուսափեն տույժերից ու տուգանքներից:

«Կարևոր է իմանալ նաև, որ հենց քաղաքացիների անմիջական մասնակցության ու հարկերի պարտաճանաչ վճարման շնորհիվ հնարավոր է լուծել Երևանի խնդիրները՝ մանկապարեզների սպասարկումից սկսած մինչև կանաչապատում, պոլիկլինիկաներից մինչև բնակարանային ֆոնդի պահպանում և այլն»,- ասվում է հաղորդագրությունում:

Շարժական և անշարժ գույքի կամ հողի տարեկան հարկի չափի ու վճարման ենթակա պարտավորությունների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական yerevan.am կայքից: Վճարման ենթակա գումարի չափի մասին տեղեկատվությունը թարմացվում է ամեն օր:

Վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով քաղաքացիներին մի քանի տարբերակ է առաջարկվում: Նախ՝ PIN-կոդերն ու անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու և վճարելու համար պետք է զանգել վարչական շրջանների թեժ գիծ կամ պարզապես այցելել վարչական շրջանի աշխատակազմ: Ստանալով կոդը՝ կարելի է նաև կայքում մուտքագրել այն և վճարում կատարել տեղում: Վճարել հնարավոր է նաև բջջային հավելվածների, վճարման տերմինալների միջոցով և բանկերում:

«Տարվա ընթացքում քաղաքացիները պարբերաբար տեղեկություն են ստանում պարտավորությունների ժամկետների մասին՝ հեռախոսազանգով կամ տեքստային հաղորդագրություններով:

Սակայն մինչ օրս դեռ կան անգամ խոշոր ընկերություններ ու թանկարժեք գույքի սեփականատերեր, որոնք, ինչ-ինչ պատկերացումներից ելնելով, չեն շտապում վճարել իրենց գույքահարկը:

Հարկ է իմանալ, որ գույքահարկի կամ հողի հարկի վճարումը սահմանված ժամկետում չկատարելը, Հարկային օրենսգրքի համաձայն, օրական հաշվարկով կիրառվող տույժեր է նախատեսում: Իսկ վճարումը չկատարելու դեպքում ի վերջո գործերը փոխանցվում են իրավապահ գերատեսչություններին։

Գույքահարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը սահմանվում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով: Միևնույն ժամանակ յուրաքանչյուր տարի Երևանի ավագանին հաջորդ տարվա համար որոշակի սոցիալական խմբերի համար սահմանում է արտոնություններ՝ Հայրենական պատերազմի վետերաններ, Արցախյան պատերազմում զոհվածներ, հաշմանդամներ և այլն: Զինծառայության մեջ տվյալ պահին գտնվող անձինք օրենսդրությամբ ազատվում են գույքահարկից»,– ասվում է հաղորդագրությունում: