ԱՄՆ Ջորջ Մեյսոն համալսարանի Կոնֆլիկտների վերլուծության եւ կարգավորման ինստիտուտում (Institute for Conflict Analysis and Resolution, GMU) այսօր՝ փետրվարի 17-ին տեղի է ունենալու միջոցառում` նվիրված ԼՂՀ պատմությանը, Ադրբեջանի հետ հակամարտության առաջացման պատճառներին, բանակցային ներկա փուլին եւ վերջնական խաղաղության հաստատման հնարավորություններին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Վաշինգտոնում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունից:
Նշենք, որ նախօրեին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը` իր հովանավորության տակ գտնվող կազմակերպությունների հետ միասին, համառ ջանքեր է գործադրել այս միջոցառումը կասեցնելու համար` չխորշելով նաեւ հեղինակավոր Ինստիտուտի ղեկավարության վրա ճնշումներից: Թեեւ նրանց հաջողվել է միառժամանակ թյուրիմացություն ստեղծել, բայց Ներկայացուցչությունը Ինստիտուտի ղեկավարությանն է տրամադրել իր կարգավիճակի եւ գործունեության օրինականության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր, ինչից հետո խնդիրը հարթվել է:
Միջոցառմանը, որին ներկա են լինելու ինչպես Ջորջ Մեյսոն համալսարանի ուսանողներ, այնպես էլ դիվանագետներ տարբեր երկրներից, հանգամանալից ելույթ է ունենալու Վաշինգտոնում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Ավետիսյանը:



























