Այս տարի իրականացվել է 85 միջոցառում, որոնց նպատակը սփյուռքում հայկական մշակույթն ու ինքնությունը պահպանելն էր: Այս մասին նոյեմբերի 23-ին ասուլիսում հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:

Արդյունքում, նրա խոսքով, 9 երկրներում մեկօրյա դպրոցներ են ստեղծվել: «Սփյուռքում գործող տարբեր հայկական դպրոցներում կազմակերպվել են տասնյակ միջոցառումներ: Միեւնույն ժամանակ սփյուռքի տարբեր համայնքներին հանձնվել է ավելի քան 50 հազար գիրք», - ասաց նա՝ նշելով, որ դա սփյուռքի հետ աշխատելու բավականին հին եւ ոչ այնքան արդյունավետ մեթոդ է, քանի որ գրքերը միատեսակ էին, եւ միշտ չէ, որ հաշվի են առնվել այդ համայնքի առանձնահատկությունները:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց Հայրապետյանը, 2018-ի մայիսից ավելի քան 450 ընտանիքներ հայրենիք են վերադարձել` շեշտելով, որ դրանք միայն այն ընտանիքներն են, որոնք կապվել են նախարարության հետ: Ամենից շատ Հայաստան են վերադրձել Ռուսաստանից, Իրանից եւ ԱՄՆ-ից: