«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմիանա համագործակցության վերաբերյալ կոալիցիոն նոր հուշագրին, որը ստորագրվելու է այսօր` 17:30-ին, Հայաստանի նախագահի նստավայրում: Նման որոշում է կայացվել կուսակցության ակտիվի նիստում` պատգամավորների, մարզպետերի եւ նախարարների մասնակցությամբ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, տվյալ որոշումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանն այսօր գտնվում է բարդ սոցիալ-տնտեսական եւ աշխարհաքաղաքական իրավիճակում, եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին երկրի ներսում կոտւակված խնդիրների լուծման եւ միջազգային ասպարեզում հայ ժողովրդի շահերը ներկայացնելու համար անհրաժեշտ է կառավարող բոլոր ուժերի աջակցությունը:
«Այդ պատճառով էլ մենք այսօր ասում ենք, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո կառավարող մյուս ուժերի հետ 2013-ի նախագահական ընտրություններին կմասնակցենք միացյալ թեկնածուով` ի դեմս գործող նախագահի»,- հայտարարել է Ծառուկյանը:
Ընդ որում, նա հիշեցրել է, որ ԲՀԿ-ն ավելի վաղ չի հստակեցրել իր դիրքորոշումը, քանի որ նպատակահարմար է գտել այդ մասին խոսել միայն 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո, բայց հաշվի առնելով ստեղծված բարդ քաղաքական-տնտեսական իրավիճակը, ըստ Ծառուկյանի, ԲՀԿ-ն որոշել է հստակեցնել իր դիրքորոշումը:





























