Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն, իր իսկ խոսքով, շատ ուրախ է, որ Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ ինչ-ինչ տարաձայնություններ կան, քանի որ հենց մրցակցությունը եւ հակասությունները կարող են հանգեցնել իրապես ժողովրդավար ընտրությունների։ Փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանանակ նման տեսակետ հայտնեց ինքը՝ «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։
Նրա խոսքով, ԲՀԿ առաջնոդ Գագիկ Ծառուկյանի ակնարկը, որ Հայաստանի երկրորդ նախագահ կարող է վերադառնալ եւ ղեկավարել իրենց կուսակցությունը, մնում է օդում կախված, քանի որ «Քոչարյանի կողմից այդ հարցին նման մոտեցում չի ցուցաբերվում»։
«Հանրապետականներն էլ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել եւ միանշանակորեն որդեգրել են ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին աջակցելու քաղաքականությունը»,- ընդգծեց սոցիոլոգը՝ ավելացնելով, որ ամեն բան առավել պարզ կլինի խորհրդարանական ընտրություններից հետո։
«Եթե «Բարգավաճ Հայաստանը» կարողանա իրականացնել իր գերնպատակը՝ 50+1 ձեւչափը, ապա նա կարող է որոշել, թե ով կդառնա հանրապետության հաջորդ նախագահը, բայց եթե հանրապետականները պահպանեն ներկայիս դիրքերը, ապա ավելի մեծ հնարավորություններ կունենան նախագահական ընտրություններում»,- նկատեց Ադիբեկյանը։
Ամփոփելով՝ սոցիոլոգը հատկանշական համարեց, որ հակասություններ կան ոչ միայն կոալիցիայի, այլ նաեւ ընդդիմության շարքերում։ «Պետք չէ ուշադրությունը սեւեռել բացառապես իշխանական տարաձայնությունների վրա։ Ընդդիմության հակասությունների մասին խոսելը կօգնի այդ ուժերի միավորմանը»,-բացատրեց նա։
Ի դեպ, նշենք, որ Ադիբեկյանն ասուլիս տալիս դեռ տեղյակ չէր, որ ԲՀԿ-ն արդեն համաձայնել է ստորագրել կոալիցիոն նոր հուշագրի տակ, որով առաջիկա նախագահական ընտրություններում կոալիցիան կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:





























