«Ապառաժ մայնինգ» եւ «Լիկվոր» ընկերություններն այսօր՝ փետրվարի 17-ին կառավարությունից ավելացված արժեքի հարկի վճարման տարկետման իրավունք ստացան։
«Ապառաժ մայնինգը» Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին պայթուցիկ նյութեր մատակարարողն է։ Մինչ այսօր այդ նյութերը ներմուծվում էին, սակայն կառուցվելիք գործարանը հնարավորություն կտա արդյունաբերական էմուլսիոն պայթուցիկ նյութերի արտադրությշունը կազմակերպել տեղում։
«Լիկվորը» արտահանման ուղղվածություն ունեցող դեղագործական ընկերություն է։ Այս ընկերությունը հայտնի է նաեւ նրանով, որ 2009 թ. կառավարության օպերատիվ շտաբից, հակաճգնաժամային միջոցառումների ծրագրով, 900 մլն դրամի էժան վարկային ռեսուրսներ ստացավ՝ նոր գործարան կառուցելու համար։
Ներկայումս այդ գործարանի սարքավորումները ստացվել են, ուստի կառավարությունը ցուցաբերում է հերթական օժանդակությունը՝ 327 մլն դրամ սարքավորումների համար հետաձգելով ավելացված արժեքի հարկի վճարումը։
«Լիկվորի» բաժնետոմսերի 45 տոկոսը պատկանում է Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկին։ Ընկերությունն արտադրում է ներերակային (կաթիլային), ներարկման եւ ակնաբուժական ստերիլ դեղամիջոցներ:




























