ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի եւ Արմեն Պողոսյանի վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերը ողջ ծավալով հասանելի կլինեն պաշտպանական կողմին։ Այսօր՝ նոյեմբերի 26–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը որոշում կայացրեց բավարարել Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների վերծանումները պաշտպանական կողմին տրամադրելու վերաբերյալ Սամվել Բաբայանի պաշտպան Արամ Ղլեչյանի միջնորդությունը։ Դատարանը միաժամանակ որոշեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից պահանջել գաղտնալսումների վերաբերյալ բոլոր նյութերը։
Նշենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով մեղադրական դատավճռի հիմքում դրել էր օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում ձեռք բերված ապացույցներ: Մեկ այլ գործի շրջանակներում ԱԱԾ-ն որոշել էր գաղտնալսել «Իգլա» զենիթահրթիռային համակարգի խողովակն ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանին, եւ, ըստ գործի նյութերի՝ Բաբայանի եւ մյուսների վերաբերյալ գործը հենց այդ գաղտնալսումների արդյունքում է բացահայտվել:
Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանն առաջին ատյանի դատարանին միջնորդել էր Մայիլյանին առնչվող գործի շրջանակներում օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվության նյութերը պահանջել եւ հետազոտել` դրանց օրինականությունը ստուգելու համար: Դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, միջնորդությունը բավարարել էր ու պահանջել նյութերը, սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից գրություն էր ուղարկվել այն մասին, որ այդ նյութերը դեռեւս սահմանված կարգով գաղտնազերծված չեն, ու դրանք Բաբայանի գործը քննող դատարանին չէին տրամադրվել:
2018թ. հունիսի 15–ին Վճռաբեկ դատարանը դիրքորոշում էր հայտնել, որ Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքների թույլատրելիությունը ստորադաս դատարանների կողմից չի ենթարկվել պատշաճ գնահատման, ուստի նշված ապացույցը չէր կարող դրվել վերջնական դատական ակտի հիմքում:
Դատարանը միաժամանակ փաստել էր, որ ստորադաս դատարանների կողմից չի իրականացվել գործի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն՝ ամբաստանյալ Սամվել Բաբայանին եւ մյուսներին մեղավոր ճանաչելու վերաբերյալ եզրահանգում անելու համար:
Նշենք, որ 2018թ. հունիսի 15–ին ՀՀ վճռաբեկ դատարանը փոխել էր Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանն եւ Արմեն Պողոսյանի խափանման միջոցները՝ հաշվի առնելով Ազգային ժողովի 11 պատգամավորների ներկայացրած անձնական երաշխավորությունը: Դատարանի որոշել էր գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչը անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը, իսկ Վճռաբեկ դատարանը՝ բեկանել այն։





























