Հայաստանում ցույցերով ու բողոքի ակցիաներով ոչ ոքի չես զարմացնի։ Ի տարբերություն Եգիպտոսի՝ դրանք վաղուց է՝ ինչ մեր առօրյայի մի մասն են։ Բողոքի ակցիաների մի մասը զուտ տնտեսական շահերի բախման հետեւանքով է, սակայն անխուսափելիորեն ուղեկցվում է քաղաքական հայտարարություններով։ Քաղաքական ուժերի կողմից կազմակերպվող միտինգներն ու ցույցերն էլ զերծ չեն տնտեսական ու սոցիալական պահանջներից։
Հայաստանում ընթացող բողոքի ակցիաների մի զգալի մասը հետեւյալ առանձնահատկությունն ունի՝ ցուցարարները պահանջում են իրենց թույլ տալ աշխատել օրենքից դուրս։ Այդպես էր Թուրքիա մեկնող առեւտրականների դեպքում, այդպես է Շիրակի մարզի ավտոսեփականատերերի դեպքում։ Երեւանի փողոցային առեւտրի ներկայացուցիչներն էլ նույնն են պնդում՝ թույլ տվեք մեզ աշխատել առանց օրենքի։
Հազիվ թե այսպիսի աբսուրդ իրավիճակ աշխարհի որեւէ երկրում գոյություն ունի։ Ամենուրեք մարդիկ պահանջում են օրինականության վերականգնում, իսկ Հայաստանում պահանջում են օրենքների կասեցում։ Թուրքիա մեկնող առեւտրականներից ոչ մեկը գործնականում օրենքի դաշտում չէ, իսկ չէ՞ որ մեր ապրանքաշրջանառությունը Թուրքիայի հետ գերազանցում է տարեկան 200 մլն դոլարը։ Հայաստանը տարեկան մի քանի տասնյակ հազար ավտոմեքենա է ներմուծում, ու դրանց մի զգալի մասը կարողանում է խուսափել հարկումից՝ մաքսային մարմիններում ձեւակերպելով որպես «ժամանակավոր ներմուծում»։
Հիմա այդ մարդիկ բողոքի ակցիա են իրականացնում՝ ստվերում մնալու իրենց իրավունքը պաշտպանելու համար։ Ավելի աբսուրդ է իրավիճակը փողոցային առեւտրի հետ կապված։ Նույնիսկ ամենալիբերալ երկրում փողոցային առեւտուրը արգելվում է, իսկ մեզ մոտ, պարզվում է, դա անել չի կարելի։ Թե չէ մարդիկ ինչ անեծք ասես, որ չեն թափի, ինչպես իրենք են ասում՝ «իրենց հացից կտրողների վրա»։ Մեզ միայն մի բան է պակասում՝ ցույցի դուրս գան պետական պաշտոնյաներն ու պահանջեն ազատորեն կաշառք վերցնելու իրավունք:
Այս իրավիճակի արմատները շատ խորն են։ Սա արտահայտում է այն խորը անվստահությունը, որ գոյություն ունի ժողովրդի եւ պետական մարմինների միջեւ։ Մարդիկ պարզապես պետությանը չեն վստահում, որովհետեւ պետությունը նրանց համար կաշառք վերցնող մաքսավորն է, կամ հարկային օրենքներից անտեղյակ տեսուչը, կամ էլ փողոցային առեւտրականից 1000 դրամ վերցնող ոստիկանը։ Կամ էլ այն օլիգարխը, որ հարկեր չի վճարում, կամ այն չինովնիկը, որ 100 հազ. դրամ աշխատավարձ է ստանում ու 50 հազ դոլարանոց մեքենա վարում։
Պետությունը մարդկանց շատ հաճախ մոտենում է աբսուրդ օրենքներով։ Գուցե վերջին տարիներին օրենսդրության որակը բարելավվել է, սակայն շտկելու բան դեռ շատ կա։ Այդ նույն մաքսային օրենսդրության պայմաններում մաքսավորը ցանկացած կամայականություն կարող է կատարել՝ ով է՞ դրա դեմն առնելու։
Մարդիկ հետեւյալ կերպ են դատում՝ դուք ունեք ստվերի ձեր բաժինը, թողեք մենք էլ մերն ունենանք։
Չի կարելի ասել, թե այն մարդիկ, որ օրենքն են ներկայացնում, լիակատար գիտակցում են դրա դերն ու կարեւորությունը; Մի բարձրաստիճան պաշտոնյա մի անգամ անկեղծ ասաց. «Գիտե՞ս, պետությունը շատ ամորֆ հասկացություն է, ո՞վ պետք է պետության շահը պաշտպանի»։ Սրանում շատ չարիքների բացատրությունն է՝ պետականության զգացումը բացակայում է հենց պետական համակարգերում։
Եթե անկեղծ լինենք՝ Հայաստանում հարկեր չվճարող ու ստվերում գտնվող ոչ մի անհատ իրեն պետության թշնամի չի դիտարկում; Սա մեր ազգային մենթալիտետի մի մասն է։ Սրանով մենք տարբերվում ենք մյուս քաղաքակիրթ երկրներից։
Սամվել Ավագյան




























