Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն օրերս նամակ է գրել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով քայլեր ձեռնակել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող գեղասահքի միակ դպրոցի վերականգնման ուղղությամբ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ինքը՝ ֆեդերացիայի նախագահը:
Նրա խոսքով, սրանից առաջ նույնաբովանդակ նամակներ ինքը գրել է նաեւ նախկին քաղաքապետին, սակայն դրանք բոլորն էլ անպատասխան են մնացել։ «Կարեն Կարապետյանին ուղղված իմ նամակում նշել եմ, որ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող գեղասահքի դպրոցում սահադաշտ, որպես այդպիսին, գոյություն չունի եւ որ դպրոցի սաներն իրենց պարապմունքները ստիպված են անցկացնել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կամ էլ Կարապի լճի տարածքում ժամանակավորապես գործող սահադաշտերում։ Նշել եմ նաեւ, որ 5 հոգուց բաղկացած գեղասահքի Հայաստանի հավաքականը մարզումները ստիպված է անցկացնել Մոսկվայում»,- պատմեց Սամվել Խաչատրյանը՝ միաժամանակ հավելելով, որ երեք օր առաջ ուղարկած իր նամակին Երեւանի քաղաքապետարանից դեռեւս չեն պատասխանել։
Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայի նախագահի խոսքով, դպրոցի փլուզման վտանգի մասին ինքը բազմիցս բարձրաձայնել է ոչ միայն քաղաքապետարանի, այլ նաեւ Հայաստանի Օլիմպիական կոմիտեի եւ անգամ հովանավորների մոտ։ «Բայց դպրոցի վերանորոգման կամ, որ ավելի բարդ է, գեղասահքի նոր դպրոց կառուցելու համար միլիոնավոր դոլարներ են անհրաժեշտ»,- նշեց Խաչատրյանը։
Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ գեղասահքի ֆեդերացիայի նախագահի նամակը ներկայումս քննարկման փուլում է եւ դրա պատասխանը պարզ կլինի մոտ օրերս։
Նշենք, որ Երեւանի գեղասահքի դպրոցը հիմնադրվել է 1975 թվականին։ Ղարաբաղյան շարժմամբ պայմանավորված՝ այն 1988 թվականից դադարեցրել է իր գործունեությունը եւ ընդհատումներով սկսել է գործել 2008 թվականից։



























