Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ փետրվարի 18-ին իր բլոգում (http://tigransargsyan.livejournal.com/9116.html) անդրադարձել է հայ-վրացական տնտեսական կապերին։ «Վրաստանի հաջողությունները մեզ պետք է ոգեւորեն եւ ոչ թե խանդ ու նախանձ առաջացնեն»,- նշել է Տ. Սարգսյանը:
Նա հատկապես ուշադրություն է դարձրել Հայաստանից Վրաստան կապիտալի արտահոսքի խնդիրներին։ «Առաջացող այդ հարցի վերաբերյալ հիմնական խնդիրն այն է, որ դրա հեղինակները հաճախ տարբերություն չեն դնում դեպի Վրաստան բիզնեսի ընդլայնման ու տեղափոխման միջեւ:
Ինչ վերաբերում է տեղափոխված ընկերություններին, ապա եթե այդպիսիք կան, առաջարկում եմ անդրադառնալ բոլոր այն կոնկրետ դեպքերին, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությունում բիզնեսի փակմանն ու Վրաստան տեղափոխմանը: Խնդրում եմ այդ մասին գրել մեկնաբանություններում, եւ մենք միասին կվերլուծենք պատճառներն ու կանենք եզրակացություններ»,- գրել է Տ. Սարգսյանը: Սակայն մեկնաբանություններում առայժմ այդպիսի կոնկրետ դեպքեր չեն նշվել (քիչ հավանական է նաեւ, որ կնշվեն)։
Դրա փոխարեն մեկնաբանություններ թողնողները վարչապետին կոչ են արել ավելի հեղափոխական քայլեր ձեռք առնել կոռուպցիայի դեմ պայքարում։ Նշենք, որ Տ. Սարգսյանն իր հոդվածում գրել է, թե Հայաստանի ու Վրաստանի զարգացման մոդելները տարբեր են։ Հայաստանն ընտրել է էվոլյուցիոն ճանապարհը, Վրաստանը՝ հեղափոխական։
Վրաստանը, ըստ Տ. Սարգսյանի՝ հաջողություններ ունի հարկային ու մաքսային վարչարարության եւ ճանապարհային ոստիկանության բարեփոխումների ոլորտներում: Իսկ Հայաստանը՝ բանկային համակարգի ու ապահովագրության ոլորտներում։




























