Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես, ասվում է.

«Այս տարի Հայաստանի Հանրապետությունում վեցերորդ անգամ պաշտոնապես նշվում է Մայրենի լեզվի օրը, որը լեզվի պահպանության եւ զարգացման խնդիրներին անդրադառնալու, դրանք քննարկելու լրացուցիչ առիթ է։

Յուրաքանչյուր պետություն ամուր է իր արմատներով, լեզվով, հավատով եւ մշակույթով` արժեքներ, որոնք պատմության, ազգային ինքնագիտակցության, սեփական արժանապատվության պահպանման իրական ու գործուն դրոշակակիրներն են: Այստեղ մեծ է լեզվի դերը, որը ոչ միայն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարեւորագույն գրավականներից է, այլեւ նրա գոյության ապավենն ու պաշտպանը, ավյունն ու կենսաուժը, ինքնության վահանը:

Հեռանալ հայոց լեզվից նշանակում է հեռանալ հայ ժողովրդից, ազգային արմատից ու կենսահողից, դառնալ մի վտարանդի, որն անհաստատ է, լքված, անհայրենիք: Այսօր մենք մեկ անգամ եւս ինքներս մեզ համար բարձրաձայնում ենք, որ ընտանիքում պետք է իշխի հայոց լեզուն ու հայեցի դաստիարակությունը: Հայ երիտասարդը պետք է սրբացնի հայոց լեզուն, լինի արթուն, գիտակից ու հասկանա, որ շատ լեզուներ իմանալով հանդերձ, չպետք է կորցնի մայրենին:

Շնորհավորում եմ բոլորիս Մայրենիի օրվա կապակցությամբ: Փառաբանե՛նք մեր լեզուն, պահպանե՛նք ու զարգացնե՛նք այն, լինե՛նք մեր պատմությանն ու մեր ակունքներին հավատարիմ, մեր մեծերին արժանի հետնորդներ»:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

ս