«Ժառանգություն» խմբակցությունը պաշտոնական նամակով դիմել է Ազգային ժողովի նախագահին, փոխնախագահներին, իշխող կոալիցիայի խմբակցությունների ղեկավարներին՝ առաջարկելով փետրվարի 24-ին արտահերթ նիստ հրավիրել` Մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի երկու նախագծերի քննարկման օրակարգով: Խոսքը վերաբերում է այդ դրույթի փոփոխությանը, ըստ որի վրացական համարանիշով մեքենաները Հայաստան կարող են մուտք գործել միայն մեկ անգամ, ընդամենը 15 օր ժամկետով:

«Ժառանգության» նամակում նշվում է, որ այդ խնդրի վերաբերյալ կա երկու օրինագիծ (մեկը ներկայացրել է Սամվել Բալասանյանը, մյուսը՝ «Ժառանգության» պատգամավորները), որոնք միմյանց չեն հակասում, ավելին` լրացնում են մեկը մյուսին, եւ նպատակ ունեն կարգավորել 2010 թվականի դեկտեմբերի 22-ի «ՀՀ  մաքսային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում կատարված փոփոխության արդյունքում «անհապաղ» մաքսազերծման պահանջի պատճառով ՀՀ ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների հազարավոր սեփականատերերի համար հարուցված խնդիրները: 

«Ծագած խնդիրների օբյեկտիվ եւ մարդասիրական լուծումը գտնվում է հետեւյալում. այդ բազմահազար անձանց գոնե երկու տարի ժամանակ տրամադրել, ինչպես նախատեսում է Ս. Բալասանյանի ներկայացրած նախագիծը, եւ նման ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման համար ժամանակավորապես վերականգնել ՀՀ Մաքսային օրենսգրքի նախկին պայմանակարգը, ինչպես նախատեսում է «Ժառանգության» պատգամավորների հեղինակած օրինագիծը, ինչպես նաեւ` այլ փոփոխությունների ու լրացումների միջոցով հստակեցնել, պարզեցնել ու ռացիոնալացնել մաքսազերծման ընթացակարգը, դրույքաչափերը, որպեսզի ավտոմեքենա ներմուծող մեր հայրենակիցները չխուսափեն մաքսազերծումից: Այդ ընթացքում հնարավոր կլինի հարցը կարգավորել առանց ցնցումների, փակուղուց հանելով բազմաթիվ անձանց, ովքեր իրականում հայտնվել են անելանելի դրության մեջ եւ այլ հնարավորություն չունենալով` նման կերպ են կարողանում հայթայթել նվազագույն ֆինանսական միջոցներ` իրենց ընտանիքների գոյատեւման համար:

Հաշվի առնելով ժամանակի գործոնը, քանի որ ուժի մեջ մտած փոփոխությունների արդյունքում հազարավոր մարդիկ հայտնվել են ծանրագույն վիճակում, եւ արդեն լրանում է օրենքով սահմանված 15-օրյա ժամկետը, առաջարկում ենք ձեզ փետրվարի 24-ին` հինգշաբթի, հրավիրել արտահերթ նիստ` երկու նախագծերի քննարկման օրակարգով` միավորելով եւ ընդունելով դրանք: Խնդրում ենք Ձեր պատասխանի մասին տեղյակ պահել Ժառանգություն խմբակցությանը, որպեսզի Ձեզ փոխանցվի ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու կապակցությամբ աշխատակազմից վերցված ձեւաթուղթը` այն ստորագրելու համար»,- ասված է «Ժառանգության» հաղորդագրության մեջ: