Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է, որ համապատասխան մարմինները նախապես հնարավորություն չեն ունեցել զգուշացրել ցունամիի վտանգի մասին, ինչը հանգեցրել է ավելի քան 280 մարդու մահվան: Երկրի ղեկավարը այս մասին հայտարարել է երկուշաբթի՝ այցելելով Բանտեն նահանգի Պանտեգլանգ շրջան, որն ամենից շատ է տուժել Ճավա կղզում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Detik լրատվական պորտալին:
«Մասնագետները մինչ օրս չեն կարողանում ճիշտ անվանել տարերային աղետի պատճառը, ուստի պետք է ձեռնպահ մնալ եզրակացություններից», - ասել է Վիդոդոն: Նրա խոսքով՝ «ցունամին անորոշ բնույթ ունի, ծանուցման համար պատասխանատաու տարբեր գերատեսչությունները չէին կարող նախապես որոշել մոտեցումը»:
Նախագահը նաեւ նշել է, որ «համապատասխան մարմիններին հանձնարարվել էր ստուգել գոյություն ունեցող սարքավորումները եւ շտապ փոխարինել համաշխարհային ցունամիի վաղ ահազանգման համակարգի շարքից դուրս եկած տարրերը»: «Դա կկատարվի հաջորդ տարվա սկզբին», - ասել է Վիդոդոն:
Բնական աղետների կանխարգելման ազգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոխոն նախկինում հաղորդել էր, որ աղետի զոհերի թիվը հասել է 281-ի, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է: Ներկա պահին 57 մարդ անհետ կորած է համարվում, բայց ակնկալվում է, որ այդ թիվը կարող է աճել:





























