2018 թվականը հագեցած էր ինչպես ուրախ իրադարձություններով, այնպես էլ վշտալի. 2018 թվականին կյանքից հեռացան մեծ թվով հայտնի արվեստագետներ, երգիչներ, քաղաքական գործիչներ եւ պարզապես տաղանդավոր մարդիկ: Հիվանդությունները, տարիքը, վթարները, սպանությունները խլեցին մեծ թվով կուլտային անհատների կյանքը, որոնք իրենցից հետո պատմության մեջ ահռելի ավանդ են թողել:
Շառլ Ազնավուր
2018 թվականի հոկտեմբերի 1-ին 95 տարեկանում մահացել է ֆրանսիացի շանսոնյե, կոմպոզիտոր Շառլ Ազնավուրը: Time ամսագրի վարկածով՝ նա ճանաչվել է ХХ դարի լավագույն հանրաճանաչ կատարողներից մեկը, նա կինոյում խաղացել է ավելի քան 60 դեր, գրել է 1300 երգ, վաճառվել է նրա 200 մլն սկավառակ: Հայ գաղթականների որդին մինչեւ կյանքի վերջին օրերը կապ էր պահպանում իր պատմական հայրենիքի հետ՝ լինելով Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը:
Ազնավուրն առանձնահատուկ հուզմունքով էր վերաբերվում Հայաստանին: Նա ոչ միայն նրան երգեր էր նվիրում, այլեւ դարձավ Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվավոր դեսպանը: Նա նաեւ անդամակցել է Սպիտակի երկրաշարժից հետո դրամական միջոցների հանգանակության բարեգործական կազմակերպությանը: Երեւանում նրա պատվին հրապարակ է անվանակոչվել:
Արա Գյուլեր
Հռչակավոր հայազգի թուրք լուսանկարիչ Արա Գյուլերը, որն առավել հայտնի է «Ստամբուլի աչքը» անունով, մահացել է 90 տարեկանում: Հոկտեմբերի 17-ի երեկոյան նրան տեղափոխել էին հիվանդանոց: Վերակենդանացման բաժանմունքում երկու անգամ հաջողվել է վերականգնել սրտամկանի աշխատանքը, սակայն սիրտն, այնուամենայնիվ, չդիմացավ:
Թուրք ֆոտոթղթակից Արա Գյուլերը մտնում էր աշխարհի լավագույն լուսանկարիչների յոթնյակի մեջ: Գյուլերի ֆոտոաշխատանքների հերոսներն են եղել քաղաքական գործիչներ Ուինսթոն Չերչիլը եւ Ինդիրա Գանդին, դերասաններ Մարլոն Բրանդոն եւ Սոֆի Լորենը, ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին եւ այլ հայտնիներ:
Սթիվեն Հոքինգ
Աշխարհահռչակ բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը մահացել է 2018 թվականի մարտի 14-ին 76 տարեկանում: Մահվան պատճառը բարդացումն էր, որն առաջացրել էր կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը, որը գիտնականի մոտ ախտորոշել էին դեռեւս 1963 թվականին: Այդ ժամանակ գիտնականը կորցրել էր խոսելու ունակությունը եւ սկսել օգտվել խոսքի սինթեզատորից:
Ծանր հիվանդությունը հետագայում Հոքինգին ամբողջությամբ կաթվածահարել է: Դրանից հետո նա կարողանում էր շարժել միայն ցուցամատը, իսկ այնուհետեւ՝ միայն այտի մկանները: Սակայն մարմնի անկատարությունը եւ հիվանդությունը չխանգարեցին նրան դառնալու արդիականության ամենահայտնի գիտնականներից մեկը:
Մարտի 31-ին Քեմբրիջում տեղի է ունեցել գիտնականի հետ հրաժեշտի արարողությունը: Նրա աճյունափոշին թաղվել է Վեսթմինսթերյան աբբայության մոտ՝ գիտնական Իսահակ Նյուտոնի շիրիմի կողքին:
Մոնսերատ Կաբալյե
Իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն մահացել է հոկտեմբերի 6-ի առավոտյան Բարսելոնայի Սանթ Պաու կլինիկայում: Օպերային դիվան հոսպիտալում էր սեպտեմբերի կեսից միզապարկի խնդիրներով:
Հոկտեմբերի 8-ին 85-ամյա երգչուհուն հուղարկավորել են Բարսելոնայում Սան Անդրեու գերեզմանատանը ծնողների կողքին:
Մոնսերատ Կաբալյեն համարվում է XX դարի լավագույն սոպրանոներից մեկը: Նա հայտնի է բելկանտոյի իր տեխնիկայով եւ Ռոսինիի, Բելինիի ու Դոնիցետիի իտալական դասական օպերաներից արիաների կատարմամբ:
Ջորջ Բուշ ավագ
Նոյեմբերի 30-ի գիշերը 95 տարեկանում մահացել է ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը: Նա առողջական ծանր խնդիրներ ուներ եւ մի քանի անգամ հիվանդանոցում էր հայտնվել: Դրանից բացի, Ջորջ Բուշ ավագը վերջին տարիներին տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ եւ ստիպված էր հաշմասայլակով տեղաշարժվել:
ԱՄՆ նախկին նախագահին հուղարկավորել են զինվորական պատվով Քոլեջ Սթեյշն քաղաքում՝ Տեխասի համալսարանին առընթեր նրա անունը կրող նախագահական գրադարանի տարածքում կնոջ՝ Բարբարայի, որը մահացել էր այս տարվա ապրիլին, եւ դստեր՝ Ռոբինի կողքին, որը 1953 թվականին երեք տարեկանում մահացել էր լեյկեմիայից: Փակ արարողությանը մասնակցում էին հանգուցյալի ազգականները, հոգեւորականներ, ինչպես նաեւ պատվո պահակի վաշտը՝ զինվորական նվագախմբի ուղեկցությամբ: Մինչ այդ հազարավոր ամերիկացիներ քաղաքական գործչին հրաժեշտ էին տվել Վաշինգթոնում:
Իոսիֆ Կոբզոն
Խորհրդային եւ ռուս հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնը մահացել է 2018 թվականի օգոստոսի 30-ին: Երգիչը կյանքից հեռացել է 81 տարեկանում: Նա երկու օր կոմայի մեջ էր, նրա կենսագործունեությունը պահպանում էին սարքերը՝ նա միացված էր թոքերի արհեստական օդափոխության սարքին: Երգիչը կոմայից այդպես էլ դուրս չեկավ: Նախկինում Կոբզոնը 15 տարի պայքարում էր շագանակագեղձի քաղցկեղի դեմ: Այդ ընթացքում նա երկու վիրահատության է ենթարկվել՝ առաջինը 2004 թվականին, երկրորդը՝ 2009-ին:
Քոֆի Անան
ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը կարճատեւ հիվանդությունից հետո մահացել է Շվեյցարիայի կլինիկաներից մեկում: Ապրիլին նա դարձել էր 80 տարեկան:
Նա ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 1997 թվականի հունվարի 1-ից 2006 թվականի դեկտեմբերի 31-ը: Քոֆի Անանը եւ ՄԱԿ-ն 2001 թվականին պարգեւատրվել են Խաղաղության Նոբելյան մրցանակով: Անանն այս մրցանակը ստացել է ՄԱԿ-ի բարեփոխման աշխատանքի եւ մարդու իրավունքների պայքարի, Աֆրիկայում ՁԻԱՀ-ի տարածման զսպման ջանքերի եւ միջազգային ահաբեկչության հանդեպ իր անհաշտ դիրքորոշման համար: 2011 թվականին Անանը եղել է Սիրիայի հարցով ՄԱԿ եւ Արաբական լիգայի հատուկ դեսպանորդը:
Քոֆի Անանը կյանքից հեռացել է ընտանիքով շրջապատված:




























