Դեկտեմբերի 24-ին ոստիկանության պետի մի շարք հրամաններով տարբեր ստորաբաժանումներում կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող 9-ը ծառայողներ առաջխաղացման կարգով նշանակվեցին միջին խմբի պաշտոններում եւ նրանց շնորհվեց ոստիկանության լեյտենանտի կոչում: Ավանդույթի համաձայն, առաջին սպայական ուսադիրները ծառայողներն անձամբ ստացան ոստիկանության պետ Վալերի Օսիպյանից:

Ոստիկանության լեյտենանտի կոչումը հերթական կոչում չէ: Նրանցից շատերը երկար են երազել սպա դառնալ եւ արժանացել են այս կոչմանը բարեխիղճ ու սրտացավ ծառայության արդյունքում:

Պարգեւատրման ժամանակ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ սպայական կոչումը իր հետ բերում է ծառայողական մեծ պատասխանատվություն, եւ նրանք պետք է պարտավորվեն էլ ավելի լավ ծառայել` շարունակելով զարգացնել մասնագիտական գիտելիքները, ծառայողական պարտականությունները պատրաստակամ ու բարեխիղճ կատարելով` ամրապնդեն ոստիկանություն-հասարակություն կապը:

«Կարծում եմ իրականացավ ձեր երազանքը, դուք համալրեցիք ոստիկանության սպայական շարքերը: Այսօր ծառայողն առաջխաղացման է արժանանում բացառապես իր գիտելիքների, իր աշխատանքի շնորհիվ, առանց որեւէ մեկի միջնորդության ու հովանավորության: Բարեխիճ աշխատանքն ու մասնագիտական որակներն են առաջխաղացման գրավականը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում անփորձանք ծառայություն»,-ասաց ոստիկանության պետը: