Պակիստանի Գերագույն դատարանը ուրբաթ որոշում է ընդունել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպությունն ահաբեկչական ճանաչելու մասին, հայտնում է Անատոլիական գործակալությունը:

Դատարանի որոշումը եւ հակաահաբեկչական հայեցակարգի մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու կարգադրությունն ուղարկվել են ՆԳՆ: Որոշման համաձայն՝ Պակիստանում Գյուլենի շարժմանն առնչվող բոլոր դպրոցները պետք է փոխանցվեն թուրքական պետական «Մաարիֆ հիմնադրամի» ենթակայությանը, որն Անկարայի անունից Թուրքիայի սահմաններից դուրս կրթական ծրագրեր է իրականացնում:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈՒ մի խումբ զինվորականներ եւ սպաներ պետական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել: Հիմնական դիմակայությունը ծավալվել էր Ստամբուլում եւ Անկարայում, զոհվել էր 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազարը վիրավորվել էր: Անկարան խռովության կազմակերպման մեջ մեղադրում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում մշտական բնակություն հաստատած  Գյուլենին եւ նրա հետ կապված FETO-ին: Թուրքիան Վաշինգթոն պաշտոնական հարցում էր ուղարկել իսլամական քարոզչին իրեն հանձնելու մասին: Անկարան, օգտվելով երկկողմ համաձայնությունների եւ միջազգային օրենսդրության հնարավորություններից, նաեւ այլ երկրներում է պայքար մղում FETO-ի հետ կապ ունեցող կառույցների դեմ: