Կոսովոյի Հանրապետության նախագահ Հաշիմ Թաչին ստորագրել է մի շարք օրենքներ, որոնցով կձեւավորվի սեփական բանակ: Այդ մասին «հպարտությամբ եւ պետության հանդեպ մեծագույն պատասխանատվությամբ» նա հայտնել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
«Անկախության հռչակումից տասը տարի անց եւ ազատագրումից 20 տարի հետո մենք ստեղծեցինք մեր բանակը, որը միշտ պաշտպանելու է պետության պատիվը, անվտանգությունը եւ բարեկեցությունը»,-գրել է Թաչին: «Վերջին տասնամյակի ընթացքում» հանրապետության իշխանություները կարողացան ստեղծել «անվտանգ ապագա եվրոպական Կոսովոյի համար»,–նշել է նա՝ ընդգծելով, որ «այս ամենը հնարավոր է դարձել բազմաթիվ սերունդների զոհաբերության շնորհիվ, որոնք միշտ օրինակ են եղել տեղի բնակիչների համար», հաղորդում է ՌԲԿ-ն:
«Մենք միավորվել ենք Կոսովոյի բանակի ստեղծման համար, որպեսզի միասին արձագանքենք ցանկացած մարտահրավերի եւ երիտասարդ սերնդին ավելի լավ հեռանկար ապահովենք», - եզրափակել է Թաչին:
Կոսովոյի խորհրդարանը հոկտեմբերին առաջին ընթերցմամբ ընդունել է հանրապետությունում սեփական բանակը ստեղծելու մասին օրինագծերի փաթեթը: Նախաձեռնությունը նախատեսում է Կոսովոյի անվտանգության ուժերի լիազորությունների ամրապնդում եւ դրանց վերափոխումը լիարժեք զինված ուժերի: Բանակի քանակը, համաձայն փաստաթղթի, պետք է լինի 5 հազար մարդ:





























