Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը չի խանգարի բանակցային գործընթացին: Այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա չի կիսում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն տեսակետը, որ Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, եթե  Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները:

«Դա արդեն ուշ կլինի: Պատերազմի ժամանակ մեր մոտեցումն այլ պետք է լինի: Մենք պետք է միացում հայտարարենք, վերջացնենք: ԼՂՀ-ի անկախությունը պետք է ճանաչել բանակցությունները տապալվելու դեպքում եւ ոչ թե սպասել պատերազմի»,-հայտարարեց Մանոյանը:

Լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում նրան, որ Հայաստանի առաջին դեմքը` Սերժ Սարգսյանը, «Էխո Մոսկվի» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարում է, թե «այն տարածքները, որոնք այժմ գտնվում են Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ, դրանք պարզապես ռազմական գործողությունների արդյունք են», դաշնակցական գործիչն արձագանքեց. «Երկրի առաջին դեմք չեղած ժամանակ էլ Սերժ Սարգսյանը արել է նման հայտարարություններ, եւ մենք քննադատել ենք: Հիմա էլ քննադատում ենք, որ սա բանակցության ձեւ չի: Մենք, փաստորեն, արդեն ինչ-որ բան հանձնել ենք` դիմացը ոչինչ չստանալով: Եթե ես էլ լինեմ Ադրբեջանի տեղը, կասեմ` մի քիչ էլ սպասենք, տեսնենք սրանք գուցե  էլի ինչ-որ բան կտան: Նման մոտեցում, դժբախտաբար միայն Սերժ Սարգսյանի մոտեցումը չի եղել: Նման հայտարարություն երկրորդ նախագահն առնվազն չի կատարել: Հասկացրել է, թե այդպես է պատկերացնում, բայց ուղղակի հայտարարություն չի կատարել: Մենք այդ ժամանակ էլ դեմ ենք եղել»:

Կիրո Մանոյանը կարծիք հայտնեց, թե ժամանակն է, որպեսզի  թե՜ ԼՂ հարցում, եւ թե՜ հայ-թուրքական հարաբերութունների ուղղությամբ Հայաստանի իշխանությունները դադարեն մտածել միայն արտաքին աշխարհին դուր գալու մասին եւ  փորձեն «հարցերը կարգավորել ըստ էության»: