Հայաստանում դպրոցների տնօրենների ընտրության նոր հայեցակարգը ենթադրում է, որ այն տնօրենները, ովքեր ընտրված չեն՝ ավտոմատ համարվում են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Իսկ տնօրեն դառնալու համար երկարատեւ գործընթաց պետք է անցնեն: Նախ պետք է հավաստագիր ձեռք բերել ու հետո մասնակցել տնօրենի ընտրությանը: Իսկ հավաստագիր ձեռք բերելու համար պետք է գրավոր ու բանավոր քննություն հանձնել, մինչ այդ վերապատրաստման կուրս անցնել:
Շիրակի մարզից դպրոցի թվով 100 տնօրեններ ժամանակավոր պաշտոնակատարներ են: Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի տնօրեն Մանվել Մովսիսյանը վերապատրասման կուրսեր անցել է 90 ժամ կամ 15 օր եւ պատրաստվում է մարտի 16-ին սպասվող քննություններին:
«Այն որ քննության ենք պատրաստվում, աշակերտներն էլ գիտեն: Այս ամենը մի տեսակ միասնական քննությունների գործընթաց է հիշեցնում: Ունենք հարցաշար պարապում ենք, որ թեստ հանձնենք»,- ասում է «Ֆոտոնի» տնօրենը:
Ինչ վերաբերում է թեստերի բովանդակությանը, Մանվել Մովսիսյանն ասում է. «Դժվար չէ, պարզապես լավ հիշողություն պետք է ունենալ եւ անգիր սովորելու կարողություն»:



























