Մագելի քարանձավը գտնվում է Նորավանքի կիրճում եւ իրենից ներկայացնում է միմյանց կապված մի քանի կարստային քարանձավներ: Դրանք զբոսաշրջության համար գրավիչ վայրեր են։ Միաժամանակ, յուրաքանչյուր քարանձավ իրենից ներկայացնում է բարդ եւ ծայրաստիճան առանձնահատուկ էկոհամակարգ: Մագելի քարանձավում է բնակվում չղջիկների 8 տեսակ, որոնցից 6-ն ընդգրկված են Կարմիր Գրքում:
Հայաստանում ներկայումս քննարկվում է Մագելի քարանձավը զբոսաշրջային երթուղիներում ընդգրկելու հարցը։ Այդ մասին տեղեկացնում է «Էկոլուրը»:
Ծրագիրը բնապահպանական փորձաքննության է ներկայացրել «Ինկար» ընկերությունը, իսկ Արենի գյուղում փետրվարի 18-ին կազմակերպվել են լսումներ։
Ընկերությունը ցանկանում է զբոսաշրջային էքսկուրսիաներ կազմակերպել քարանձավում, ինչի համար պատրաստվում է շինարարական աշխատանքներ կատարել՝ ընդլայնել մուտքը, բետոնապատել հատակը, էլեկտրական լուսավորություն անցկացնել, աստիճան կառուցել: Չի բացառվում, որ էքսկուրսիաների համար կկառուցվեն նաեւ առանձին օբյեկտներ: Սակայն բնապահպանները կտրուկ դեմ են։
«Ոչ մի դեպքում չի կարելի բացել քարանձավը տուրիստների համար, մինչեւ չվերականգնվի այնտեղ գոյություն ունեցող չղջիկների պոպուլիացիան»,- ասում է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանն ու շարունակում. «Մենք հազիվ ենք փրկել նրանց վերջնական ոչնչացումից: Անընդհատ քարանձավ էին մտնում, վառում էին պլաստմասե շշեր եւ նետում քարանձավի մեջ:
Մենք այն մաքրել ենք եւ ճաղավանդակով փակել մուտքը: Այժմ քարանձավում միայն ձեռնաթեւավորների քանակի մոնիտորինգ ենք անցկացնում, որպեսզի չվախեցնենք գաղութին»: Ղասաբյանի խոսքերով` սիրողական քարանձավագետների քարանձավ այցելելուց հետո քարանձավում հաշվվել է ընդամենը մի քանի տասնյակ ձեռնաթեւավոր, որոնք մնացել են 10 հազարանոց գաղութից: Հիմա 700-800-ն են:
Ձեռնաթեւավորների մասնագետ, պրոֆեսոր Էդուարդ Յավրույանը նշեց այդ կենդանիների կարեւորությունը ոչ միայն կենսաբազմազանության պահպանման տեսանկյունից, այլ նաեւ վնասատուների դեմ պայքարի տեսանկյունից: «Չղջիկները թռչուններից վերցրեցին միջատների ոչնչացման էստաֆետան: Յուրաքանչյուր չղջիկ մեկ գիշերվա ընթացքում կարող է ոչնչացնել մինչեւ 500 միջատ: Ահա եւ հաշվեք, թե ինչ կստանաք, եւ ինչից կարող եք զրկվել: Քիմիան վնասատուների դեմ պայքարի ամենալավ միջոցը չէ»- ասաց նա:
Զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Սմբատ Դավթյանի կարծիքով՝ շինարարական աշխատանքները չղջիկներին վնաս չեն պատճառի, սակայն բնապահպանները դրան չեն հավատում։
Արենիի գյուղապետ Ժիրայր Եղյանի կարծիքով` ընկերության ծրագիրը գրավում է նրանով, որ իրենց առաջարկում են աշխատատեղեր եւ տուրիզմի ակտիվացում, որից գյուղը եկամուտ կունենա, կշահի նաեւ «Արենի» գինու արտադրությունը։
Մագելի քարանձավը գտնվում է Գնիշիկ համայնքի վարչական տարածքում, որի ներկայացուցիչներն ընդհանրապես հրավիրված չէին հասարակական լսումներին:



























