Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) եւ «Ֆուլլեր տնաշինական կենտրոն Հայաստան» ՀԿ-ն Տավուշի մարզում սկսել են համատեղ ծրագիր, որի նպատակն է սատարել ԼՂ հակամարտության հետեւանքով անհայտ կորածների ընտանիքներին։

Ոչ բարվոք տներում բնակվող ընտանիքները՝ դրանք վերանորոգելու եւ բարեկարգելու նպատակով, կստանան երկարաժամկետ, առանց տոկոսադրույքի վարկավորման հնարավորություն՝ շինանյութի տեսքով։ Ընտանիքներին նաեւ կտրամադրվի մասնագիտական խորհրդատվություն շինարարական նյութերի եւ տեխնիկական լուծումների վերաբերյալ, ինչպես նաեւ որոշ պրակտիկ առաջարկություններ շինարարական աշխատանքների ընթացքում։

«Այն փաստը, որ ընտանիքները սկսեցին վերանորգման աշխատանքները ձմռանը ապացուցում է, որ մեր ծրագիրն արձագանքում է իրական կարիքներին: Անհայտ կորածների ընտանիքները խիստ կարիքավոր խումբ են կազմում։ Ահա թե ինչու մենք որոշեցինք անել հնարավորը, օգնելու նրանց հաղթահարել առօրյա կյանքում առկա այդ անորոշության զգացումը»,- ասել է ԿԽՄԿ պատվիրակ Ասլան Բժիխաթլովը, ով ղեկավարում է ծրագիրը:

«Այս գործընկերությունը մեզ հնարավորություն տվեց ավելի մեծ թվով ընտանիքներին ապահովել բարեկարգ տներով: Ես համոզված եմ, որ ԿԽՄԿ-ի հետ մեր համագործակցության արդյունքում շատ ընտանիքներ կունենան բարեկարգված տներ, որտեղ կմեծացնեն իրենց երեխաներին»,- նշել է Աշոտ Եղիազարյանը՝ «Ֆուլլեր տնաշինական կենտրոն Հայաստան» ՀԿ խորհրդի տնօրենը։

Ներկա պահին ծրագիրը գործում է միայն Տավուշի մարզում, սակայն տարվա ընթացքում ԿԽՄԿ-ն եւ Ֆուլլեր կենտրոնը մտադիր են ծավալել այն նաեւ մյուս մարզերում։