ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի պաշտպանն առաջիկա րոպեներին հայտարարություն կտարածի` իր պաշտպանյալին ձերբակալելու փաստի առթիվ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Զ. Փոստանջյանից:
Նշենք, որ Տիգրան Փոստանջյանն, այսօր` փետրվարի 23-ին ազգային անվտանգության ծառայություն հրավիրվելուց եւ երեք ժամ հարցաքննությունից հետո նախաքնական մարմնի որոշմամբ ձերբակալվել է: Նախաքննական մարմինն իր որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ Տիգրան Փոստանջյանը «կարող է խուսափել քննությունից կամ անօրինական ազդեցություն գործադրել տուժողների նկատմամբ»:
Տ. Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանը իր պաշտպանյալին նախաքննության փուլում անձին ազատությունից զրկելը գնահատում է որպես ճնշման ձեւ:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործը` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի (այս դեպքում՝ Տիտան Փոստանջյանի) կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ։ Տիգրան Փոստանջյանը մի քանի օր առաջ հայտարարություն է տարածել, որտեղ հայտարարում է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջովին սադրանք է եւ ուղղված է իր քրոջ գործունեությունը զսպելուն:



























