Կարեն Անդրեասյանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան նշանակվելու դեպքում իշխանության հերթական պաշտոնյան է լինելու եւ կատարելու է նույն այդ իշխանության պատվերները։ Փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։

«Ես չեմ ճանաչում Կարեն Անդրեասյան անուն ազգանունով մի մարդու, ով որեւէ գործունեություն  ծավալած լինի մարդու իրավուքների պաշտպանության ոլորտում։ Նրա՝ օմբուդսմենի պաշտոնում նշանակվելու հարցը  «Ժառանգությունում» դեռեւս չի քննարկվել, սա պարզապես իմ անձնական կարծիքն էր»,- նկատեց Մարտիրոսյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենք ծրագրում են առաջիկայում հանդիպել Անդրեասյանի հետ։

Հիշեցնենք, որ օմբուդսմենի ընտրությունը կայանալու է գաղտնի քվեարկությամբ` ԱԺ առաջիկա քառօրյայի ընթացքում: