Առցանց ազատականների ալյանսի Facebook սոցիալական ցանցում գործող «3Ա» խմբի քննարկման եւ առցանց քվեարկության արդյունքում ընդունվել է հայտարարություն կապված Լիբիայում տեղի ունեցած իրադարձությունների հետ:
Հայտարարության մեջ ասվում է.
«Այն, ինչ կատարվում է այս օրերին Լիբիայում, այլ կերպ, քան սեփական ժողովրդի վայրագ կոտորած որակել հնարավոր չէ։ Լիբիացիների խիզախ ու անձնուրաց պայքարը հանուն ազատության եւ արդարության, հիացմունքի եւ հարգանքի է արժանանում Հայաստանում։ Մենք կիսում ենք լիբիացի արաբ ժողովրդի ցասումն ու ընդվզումը, քանզի մեզ քաջ ծանոթ է հանուն իր սին իշխանության ժողովրդի արյունը հեղելու եւ սեփական երկիրը կործանելու խղճուկ եւ ողորմելի բռնակալների պատրաստակամությունը: Համոզված ենք, որ թե՛ Հայաստանում 2008 թ.-ի մարտի 1-ին կատարված ոճրագործությունը, եւ թե՛ Կադաֆիի բռնապետության կողմից Լիբիայում այսօր սանձազերծված սպանդը անպատիժ չեն մնալու: Քաղաքակիրթ մարդկությունը պարտավոր է բողոքի հուժկու ձայն բարձրացնել բռնապետությունների դեմ ու սեփական կառավարություններից ու միջազգային կազմակերպություններից պահանջել համակողմանիորեն սատարել ժողովուրդների` հանուն ազատության պայքարին, ինչպես նաեւ գործուն միջոցներ ձեռնարկել սեփական ժողովրդի արդար դատի առջեւ կանգնելու հեռանկարից անասնական վախով տոգորված բռնապետերի արյունալի գործողությունները կասեցնելու համար:
Շուտափույթ հաղթանակ եւ ազատություն ենք մաղթում Լիբիայի ժողովրդին»:




























