«Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը (նստավայրը՝ Քալիֆորնիա) հայտարարություն է տարածել, որտեղ պահանջում է անհապաղ ազատ արձակել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը, դա համարելով Զ. Փոստանջյանին ճնշելու միջոց:

Հայտարարության մեջ ասվում է.

«Փետրվաի 23-ին ՀՀ ԱԱԾ են հրավիրել (ՀՀ քրեադատավարական օրենսդրության համաձայն ՀՀ քաղաքացուն կարող են բերման ենթարկել, ձերբակալել, բայց չեն կարող իր կամքին հակառակ «հրավիրել») եւ ձերբակալել:

Համաձայն պաշտոնական տեղեկատվության փետրվարի 18-ին Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանի դեմ ՀՀ Գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Նա մեղադրվում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու մեջ:

Ըստ, Տիգրան Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանի, ԱԱԾ-ն կատարել է գործողություններ, որոնք չեն բխում քրեական դատավարության օրենսգրքից: Փոստանջյանի փաստաբանը փոխանցել է լրագրողներին, որ «Իրավապահ մարմինները գտնում են, որ եթե չձերբակալեին Տիգրան Փոստանջյանին, ապա նա կարող է խուսափեր քրեական պատասխանատվությունից, փախչել, նոր հանցագործություն կատարեր կամ ճնշումներ գործադրեր վկաների վրա:

Հարկ է նշել, որ ԱԱԾ պատասխանտուների, այսպես ասած, հիմնավորումների համար հիմքեր չկան: Փաստաբանի խոսքերով Տիգրան Փոստանջյանը փետրվարի 18-ից արդեն գիտեր, որ իր նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, սակայն նման ոչ մի գործողության նա չի դիմել եւ ոչ մի հիմքեր չկան, որ հետագայում էլ հնարավոր է նման քայլերի նա դիմեր:

ՀՀ իրավապահ մարմինների եւ դատական ատյանների կողմից, որպես կանոն, վերոնշված պատճառաբանություններով ձերբակալվում, կալանավորվում են միմիայն ընդդմիության ներկայացուցիչներն ու նրանց հարազատները, ընդդմիության կողմից, օրենքով թույլատրվող, մասսայական միջոցառումների մասնակցած հազարավոր ՀՀ քաղաքացիներ:

Տիգրան Փոստանջյանի նկատմամբ իրականացվող գործողությունները ապօրինի են: Դրանք ուղղված են նրա քրոջ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ, փաստաբան Զարուհի Փոստանջյանի դեմ: Անօրինականությունների նպատակն է ստիպելու Զարուհի Փոստանջյանի հրաժարվելու իր քաղաքական հայացքներից եւ իրավապաշտպան գործունեությունից:

Ընկերակցությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Տիգրան Փոստանջյանին եւ իրականացնել ՀՀ Քրեադատավարական օրենսգրքի պահանջներին համապատասխան արդար եւ հրապարակային հետաքննություն, եթե ունեն հավաստի տվյալներ նրա կողմից կատարված օրինախախտումների վերաբերյալ: Իրավապահ մարմինների կողմից ՀՀ քաղաքացու նկատմամբ օրենքի նորմերին հակառակ իրականացվող հետապնդումները որեւէ կապ չունեն արդարադատության հետ»: