Թերթը նշում է, որ իր տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանությունից օրեր անց` 2009թ. փետրվարի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսում ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասաց. «Ես ուղղակի հավաստիացնում եմ, որ անելու ենք ամեն ինչ, որ այդ հանցագործությունը բացահայտվի, դա պատվի եւ արժանապատվության հարց է ոստիկանության համար: Դուք չկասկածեք, մեզ մի քիչ ժամանակ է պետք»: Ոստիկանապետի այս խոսքից անցել է արդեն 2 տարի:

Ընդ որում, ուշագրավն այն է, որ, ըստ Ա. Սարգսյանի, դեռ 2009թ. փետրվարից հանցագործության մեխանիզմն իրենց հայտնի էր: Եթե այն ժամանակ կարող էինք թերահավատությամբ վերաբերվել ոստիկանապետի ասածին, ապա այժմ մեր ունեցած տեղեկություններից ելնելով, կասկած չունենք, որ դա իրոք այդպես է:

Մեկ այլ ասուլիսում Ա. Սարգսյանը անդրադառնալով, իր բնորոշմամբ, այն «կարծեցյալ» տպավորությանը, թե քրեական գործի նախաքննությունը սառած, դանդաղած է, ասաց. «Մենք շատ շուտով դա նորից նույն թափով վեր կհանենք, դուք ինքներդ դրան ականատես կլինեք: Իրոք, մեզ համար դա ամոթաբեր բան էր, որի բացահայտման ուղղությամբ ամեն ինչ անելու ենք եւ բացահայտելու ենք, չկասկածեք դրանում»:

Փաստն այն է, որ հանցագործությունը ոչ միայն չբացահայտվեց, այլեւ «դա նորից նույն թափով վեր կհանենք»-ի ականատեսը չեղանք: Այնուամենայնիվ այն բանի համար, որ հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ «մի քիչ ժամանակը» այսքան երկարեց, ու սպանությունը դեռ բացահայտված չէ, ոստիկանապետին քննադատելը, կարծում ենք, այնքան էլ արդարացի չի լինի: Այն պարզ պատճառով, որ տվյալ քրեական գործի նախաքննությունն իրականացնող մարմինը ի սկզբանե ոչ թե ոստիկանությունն է եղել, այլ Հատուկ քննչական ծառայությունը: Գ. Մհերյանի սպանության գործով իրականացվող քննչական աշխատանքների մասով պատասխանատուն օրեր առաջ դեռ այս մարմինն էր:

ՀՔԾ-ի կատարած աշխատանքները հավանաբար անբավարար եւ անարդյունավետ գնահատելով` հանրապետության գլխավոր դատախազը մի քանի օր առաջ որոշում է կայացրել Գ. Մհերյանի սպանության գործը ՀՔԾ վարույթից վերցնելու եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն փոխանցելու վերաբերյալ:

Հիշյալ գործն այժմ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության վարույթում է: Նկատենք, որ ոստիկանապետն այժմ լիարժեք հնարավորություն ունի ապացուցելու, որ իր խոսքի տերն է: