Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրադրությունը տարեցտարի վատանում է, իսկ 2009-ի համեմատությամբ 2010-ին վիճակն ավելի է բարդացել:  Այս մասին փետրվարի 28-ին հայտարարեց «Հելսնկյան ասոցիացիայի» փորձագետ Արսեն Բաբայանը՝ «Հելսինկյան ասոցիացիայի» հեղինակած տարեկան զեկույցի հրապարակման ժամանակ:

Նա նշեց, որ ՔԿՀ-ներում նկատվում է «գների աճ»՝ մեծացել են կոռուպցիոն ռիսկերը:  Օրինակ՝ Դատապարտյալների հիվանդանոում պառկելու համար դատապարտյալը վճարում է 1000 ԱՄՆ դոլար, զբոսանքի գնալու համար՝ 1000-3000 դրամ, բաղնիք գնալու համար՝ նույնպես: Արսեն Բաբայանի  խոսքով՝ Հայկ Հարությունյանի՝ ՔՀԿ վարչության պետ նշանակվելուց հետո «Դատապարտյալների հիվանդանոցում» պահվող շատ կալանավորներ սփռվել են Հայաստանի ՔԿՀ-ներով, այն դեպքում, երբ նրանք հիվանդ են եւ պետք  է պահվեն հիվանդանոցում:

Փորձագետի ներկայացմամբ, աղետալի են նաեւ ՔԿՀ-ների շենքային եւ ներքին պայմանները. դրանցից շատերը, Բաբայանի խոսքով, պետք է քանդել եւ հիմքից կառուցել, քանի որ շենք, որպես այդպիսին, գոյություն չունի: Միակ ՔԿՀ-ն, որը բարվոք վիճակում է, դա  «Արթիկ» ՔԿՀ-ն է:

Անմխիթար է վիճակը հատկապես «Նուբարաշեն» ՔՀԿ-ում, որն ամենածանրաբեռնվածն է: Այդտեղ, ըստ ՔԿՀ-ներում մոնիտորինգ իրականացրած Հելսինկյան ասոցիացիայի փորձագետի, մեկ խցում պահվում է միանգամից 20 կալանավոր, ովքեր հերթափոխով են քնում: «Երբ մենք մտանք խցերից մեկը, մեր վրա թափվեցին թախտաբիթիները, ինչը սարսափելի է: Էլ չեմ ասում, որ խցերում կարելի է  հանդիպել մեծ քանակությամբ շշեր, քանի որ ՔՀԿ-ում ջուրը ժամով է»,-նշեց Բաբայանը: ՔԿՀ-ում նման իրավիճակը պատճառաբանել են, ասելով, թե ջրի սակավության պատճառն այն է, որ մոտակայքում գործում է քարի հանք եւ սաունա, որոնք էլ օգտագործում են  ամբողջ ջուրը:  Ուշագրավ է, որ Հելսինկյան ասոցիացիայի փորձագետը երբ եղել է  Նուբարաշենի ադմինիստրացիայի շենքում, այդտեղ ջուր է եղել, իսկ մասնաշենքերում՝ ոչ:

Արսեն Բաբայանը նշեց նաեւ  2010 թվականին ՀՀ ՔԿՀ-ներում արձանագրված մահվան դեպքերը: Ըստ այդմ՝ 2010-ին  արձանագրվել է մահվան 38 դեպք, որից 32-ը՝ հիվանդության հետեւանքով: Մահվան մեկ դեպքը եղել է դժբախտ պատահարի հետեւանք, իսկ 5-ը՝ ինքնասպանություն: ՔԿՀ-ներում 2010 թվականին արձանագրվել է  ՁԻԱՀ-ի վարակակիր  22 կալանավոր, տուբերկուլյոզով հիվանդության 47 դեպք:  Արսեն Բաբայանը նշեց նաեւ, որ ՔԿՀ-ները թարմ կադրերի կարիք ունեն: