Թուրք-վրացական վերջին համաձայնությունների հետեւանքով վարկաբեկվում է վրացական եկեղեցին: «Թավիսուբլեբա» ռադիոկայանին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել վրացի քաղաքագետ Գիա Նոդիան:

Նա անդրադարձել է Թուրքիայի տարածքում գտնվող վրացական Տաո Կլարջեթիի մի մասի հուշարձանների վերականգնման բանակցություններին, որը մինչ օրս դեռ ընթացքի մեջ է:

«Համաձայնագիրը, որը վերաբերում է թուրքական եւ վրացական կողմերում գտնվող մշակույթի հուշարձանների վերականգնմանն ու պահպանմանը, մշակվել է դեռ երեք տարի առաջ, սակայն վերջին պահին վրաց պատրիարքարանի կողմից դրված վետոն ամեն ինչ կործանեց: Այդ ժամանակ կառավարությունը վախենալով զանգվածային բողոքներից, չկարողացավ հակառակվել Եկեղեցու կամքին, իրականում այդ թեման չի էլ քննարկվել», ընդգծել է քաղաքագետ Գիա Նոդիան:

Ինչ վերաբերում է նույն համաձայնագրով Աջարիայում մզկիթի կառուցմանը, ապա ըստ նրա, այդ փաստը էլ ավելի լարեց իրավիճակը եւ խստացրեց պատրիարքարանի դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ այդ համաձայնագրով Վրաստանի տարածքում պետք է մի քանի մզկիթներ վերանորոգվեն եւ կառուցվի մեկ նորը, իսկ Թուրքիայում պետք է վերականգնվեն 3 եկեղեցիներ: Նշենք, որ վրաց պատրիարքությունը ի սկզբանե դեմ է եղել վրաց-թուրքական համաձայնության պայմաններին: